«Փողին մուննաթ»
Իշխող Հանարապետական կուսակցության քարոզարշավի շրջանակներում «Ռեինկարնացիա» խմբի կողմից տեսահոլովակի թողարկման շուրջ բարձրացած աղմուկից հետո ՀՀԿ-ի քարոզարշավին միացած աստղերից ոմանք, օրինակ` դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հայտարարեց, թե գիտակցաբար սատարում է ՀՀԿ-ին` երկրի անվտանգ կայուն զարգացումը կապելով այս ուժի հետ: Աստղերից ոմանք` ասենք Անդրեն, Ավետ Բարսեղյանը, ով ի դեպ, ՀՀԿ քարոզարշավի ամենաակտիվ մասնակիցներից է տարիներ շարունակ, հրաժարվեցին մեկնաբանություն տալ, «Ռեինկարնացիա»-ից հայտարարեցին` չքաղաքականացնել:
Աշխարհում ընդունված երևույթ է` նախընտրական քարոզարշավներին ներգրավվում են արտիստներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
Օրինակ, 2012 թվականին, երբ Դիմա Բիլանն, այսպես ասած, վայելում էր իր աստեղային ժամերը, ակտիվորեն աջակցում էր Վլադիմիր Պուտինին: 2016-ին Դոնալդ Թրամփին աջակցում էին հոլիվուդյան աստղեր՝ Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուռը, Ռոբերտ Դե Նիրոն, Շերը, ռեժիսոր Մայքլ Մուրը և այլք: Հիլարի Քլինթոնին աջակցում էին Լեդի Գագան, Մադոննան, Ջոն Բոն Ջովին… Եվ այսպես, բազմաթիվ օրինակներ կարելի է թվարկել:
Հայկական իրականության մեջ էլ այս կարգի աստղային մասնակցությունը նորություն չէ: Երաժիշտ Արտավազդ Բայաթյանը կարծում է՝ նախընտրական քարոզարշավներին մասնակցող հայ արտիստների մեծ մասի համար դա պարզապես փող աշխատելու միջոց է:
«Իհարկե, կարող են լինել նաև հատուկենտ դեպքեր, որ արտիստները գաղափարի հետևից գնան: Մի քիչ կասկածում եմ, բայց հնարավոր է՝ նման բան էլ լինի: Շոու-բիզնեսի անդամներից շատերը բիզնեսներ ունեն, այդ քարոզարշավներին մասնակցելը, դրանց շրջանակում հանդես գալը նրանց համար ինչ-որ առումով գուցե ապահովություն է: Բացի այդ՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը երգում են այս կամ այն մարդու օբյեկտում, իսկ այդ մարդիկ, բնականաբար, տվյալ երգչին ցույց են տալիս ճանապարհը, ասում են՝ ում կողքին պիտի լինի այդ երգիչը,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Արտավազդ Բայաթյանը,- երբ արտիստները նախընտրական քարոզարշավների շրջանակում հանգես են գալիս, դա լինում է վճարովի:
«Ես դեռ չեմ լսել, որ մեկը գնա, անվճար հանդես գա: Գուցե եղբոր համար գնա (ժպտում է-հեղ.): Ես նման բաների այսքան ժամանակ չեմ մասնակցել: Բոլորն այդ մասին գիտեն, ուստի, բնականաբար, նման առաջարկներ չեմ էլ ստանում», – եզրափակեց Արտավազդ Բայաթյանը: