Ով ինչ է դրել զոհասեղանին
«Մենք հիմա գործ ունենք իշխանությունների թիրախային ընդդիմության հետ»,-այսօր՝ մարտի 10-ին Հաճն քաղաքում «Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նա ընդգծեց, որ նախկին Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը թողել է իր հեքիաթային կյանքը Ամերիկայում և հայրենադարձվել:
«Ապրիլի 2-ին, իրոք, դուք սքանչելի այլընտրանք ունեք հանձինս մեր դաշինքի, կոչ եմ անում բոլոր ընդդմիմադիր ներկապնակից ընտրել՝ մեր գույնը: Ես ոչ մեկին չեմ նսեմացնում, բայց մեզ գիտեմ: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին գիտեմ, Սեյրան Օհանյանին գիտեմ: Մենք երեքով նույնատեսակ մարդ ենք և ի վիճակի ենք երկրում իրավիճակ փոխելու»,-իր խոսքում նկատեց Վարդան Օսկանյանը, որը շարունակելով Ազատ Արշակյանի միտքը` ասաց.
«Ես Միացյալ նահանգներում հանգիստ կյանք էի վարում, առաջին տունն էի գնել, որը ամերիկյան իրականության մեջ համարվում է երազանքի իրականացում: Ունեի երկու երեխա, բայց բոլորը թողեցի ու եկա Հայաստան: Սեյրան Օհանյանը ողջ կյանքը ծառայեց Արցախին ու Հայաստանին: Նա իր առողջությունն է դրել հաղթանակի զոհասեղանի վրա:
Նա էլ այլընտրանք ուներ, կարող էր այլ երկրի բանակում ծառայել: Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես ապրում է հանուն Հայաստանի: Հա, մենք երեքս էլ նախկին իշխանավոր ենք եղել, բայց մենք իշխանավոր լինելով հանդերձ` երբեք չենք չարաշահել մեր լիազորությունները ու երբեք չենք կառչել աթոռից»,-եզրափակեց Վարդան Օսկանյանը: