Չգայթակղվես. Ժամանակ
Հայաստանում հերթական սոցհարցումն է հրապարակվել, այս անգամ ռուսաստանյան աղբյուրով՝ Համառուսաստանյան սոցիոլոգիական կարծիքի ուսումնասիրության կենտրոն կազմակերպությամբ, որով ևս խորհրդարանական ընտրարշավի վարկանիշային առաջատար է դիտվում «Բարգավաճ Հայաստանըե կամ ավելի շուտ՝ «Ծառուկյան» դաշինքը:
Ընդ որում, հետաքրքրական է, որ ինչպես «Գելլափ Ինթերնեյշնլի» պարագայում, այս դեպքում էլ դաշինքին կամ Ծառուկյանին վերագրում են 26 տոկոս: Երկրորդը ՀՀԿ-ն է, որը եթե «Գելլափիե պարագայում ուներ 22 տոկոս, ապա այս դեպքում՝ 19: Երրորդ տեղում կրկին «Ելք» դաշինքն է, բայց գելլափյան 3,7-ի փոխարեն 3 տոկոսով:
Այսպիսով, ըստ էության, երկու տարբեր «բևեռներ» ներկայացնող սոցհարցումները առաջատարի դերում տեսնում են «Ծառուկյանե դաշինքին, ընդ որում՝ կայուն 26 տոկոսով: Սա ուշագրավ է՝ հաշվի առնելով, իհարկե, սոցիոլոգիայի հետ կապված բոլոր առանձնահատկությունները:
Միևնույն ժամանակ, սակայն, «Ծառուկյան» դաշինքի առաջատարությունը զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն չափանիշները, որով ընտրություններում առաջնորդվում է Հայաստանի հանրության մեծ մասը, հատկապես հանրային ապատիայի, քաղաքական կյանքի և ընտրական գործընթացի հանդեպ անվստահության պայմաններում: Այստեղ գերակա դեր է ստանում մարդկանց սոցիալական ակնկալիքը, որի առումով, իհարկե, Գագիկ Ծառուկյանը մրցակից չունի: Այստեղ ՀՀԿ-ԲՀԿ կամ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերակցությունը ստանում է ուշագրավ երանգ, հատկապես այն տեղեկատվության ֆոնին, որ հրապարակվել է այսօր:
Բանն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է Գագիկ Ծառուկյանին կամ «Ծառուկյան» դաշինքին նախազգուշացնելու մասին, որ ընտրարշավի ընթացքում նյութական խոստումներն ու օգնությունները օրենքի խախտում են: ԿԸՀ-ն հայտարարել է, որ կրկնվելու դեպքում արդեն կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Իսկ դրանց շարքում կարող է լինել մինչև անգամ դաշինքը կամ Ծառուկյանին ընտրարշավից հանելը: Այսինքն՝ իշխանությունը փաստորեն զգուշացնում է Գագիկ Ծառուկյանին: Եվ այս զգուշացման ֆոնին էլ ուշագրավ է դառնում ԲՀԿ առաջատարությունը կամ «Ծառուկյան» դաշինքի առաջատարությունը փաստող երկու սոցհարցումների պարագան, կամ զգուշացումն է ուշագրավ դառնում այդ սոցհարցումների ֆոնին:
Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերադարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի ողջունում: Միաժամանակ նա, իհարկե, դեմ չէր լինի, եթե Ծառուկյանը հերթական անգամ կատարեր բուֆերի դեր և իր վրա վերցներ բողոքական ընտրազանգվածի մի մեծ մասին:
Սրան զուգահեռ, որքան էլ Սերժ Սարգսյանի համար Գագիկ Ծառուկյանը վերահսկելի գործոն է, այնուհանդերձ՝ նա, իհարկե, չի պատրաստվում կուրորեն վստահել նրան, և ԿԸՀ զգուշացումը անկասկած հենց դրա վկայությունն է, որպեսզի Գագիկ Ծառուկյանի մոտ չառաջանան, և միաժամանակ նաև այլ ուժեր չառաջացնեն քաղաքական նոր գայթակղություններ՝ թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: