Ո՞վ է ինքնասպանություն գործած Վարդուհին.պատմության մեջ խառն է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին
Երեւանում մարտի 7-ին նախնական տվյալներով՝ շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 41-ամյա Վարդուհի Սարոյանին խաբեությամբ ունեզրկել են, որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
«Վարդուհի Սարոյանը ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դուստրն է: Հոր մահից հետո նա ժառանգաբար ստացել է գույք: Բացի հորից ստացած ժառանգությունից՝ նա նաև սեփականատեր է եղել: Նրա պատմելով՝ գույքը բավականին դժվարությամբ է ձեռք բերել, անքուն գիշերների հաշվին: Բաղրամյան 2 հասցեում ձեռք բերված անշարժ գույքը շատ կարևոր էև Վարդուհու համար: Այստեղ որպես ժառանգ համապասեփականատեր է եղել նաև Վարդուհու քույրը, որի բաժնեմասը սակայն բավականին փոքր է եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդուհի Սարոյանի փաստաբանը՝ Հասմիկ Մարտիրոսյանը:
Հասմիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Վարդուհի Սարոյանը ամուսնացել և մի որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, ապա ամուսնալուծվել է ու ծանր հոգևիճակով վերադարձել Հայաստան:
«Նա այստեղ ուներ նաև բնակարան Քոչար փողոցի վրա, ինչպես նաև առանձնատուն Պտղնիում: Քրոջ ամուսինը և քույրը ասում են, որ մեր ծանոթ «էսինչյան էսինչը» անունը չեմ ցանկանում նշել ուզում է բիզնես ծավալել և դու կարող ես օգնել: Լիազորագիր տուր, որպիսի տարածքը գրավադրենք, բանկից գումար վերցնենք գումարի մի մասը բանկի պարտքերը կփակենք, մնացածով բիզնես կսկսենք ու առաջարկում են տարբերակներ: Դրանից հետո Վարդուհին գնում է Իսպանիա ու վերադառնալուց հետո հարցնում է՝ վարկը վերցրել են, թե ոչ: Վարդուհուն խաբում են, թե գորրծարք չի կայացել: Ավելի ուշ Վարդուհին լուծարում է իր տված լիազորագիրը»,-նշեց փաստաբանը:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ 2016 թվականի սեպտեմբերին Վարդուհի Սարոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրոջ ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, եւ նրա ընկերը՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը (Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին է) խաբեությամբ ունեզրկել են իրեն:
Գրավի չմարման պայմաններում գույքը հայտնվում է բանկի տիրապետության տակ: Գույքը չկորցնելու համար Վարդուհի Սարոյանը ստիպված է եղել բանկում գրավադնել նաեւ իրեն պատկանող` Երեւանի Հ. Քոչար թիվ 25 շենքի 25 բնակարանը եւ Պտղնիի առանձնատունը:
Պաշտպանի խոսքով՝ ավելի ուշ Վարդուհի Սարոյանը մի շարք մանրամասներ է պարզում: Մասնավորապես այն, որ իր գույքը գրավադրվել է Լևոն Տեր- Պետրոսյանի եղբորորդու ունեցվածքը փրկելու համար:
Իր օրվա ապրուստի խնդիրը լուծելու նպատակով Վարդուհի Սարոյանը Քոչար փողոցի իր բնակարանը տալիս է վարձակալության:
«Շատ բարձր ինտելեկտով, բարի ու կիրթ կին էր Վարդուհին: Երկար տարիներ դասախոսել է Գեղարվեստի ակադեմիայում»,-ընդգծեց պաշտպանը հավելելով, որ Վարդուհուն ինքնասպանության հասցրել են ու այս առնչությամբ քրեական գործ է հարուցված:
Հասմիկ Մարտիրոսյանը վստահ է, որ օբյեկտիվ քննության արդյունքում միանշանակ ի հայտ կգան մեղավորները:
«Նա շատ ծանր էր տանում, որ իր հորից ստացած ժառանգությունը ինչ-որ մարդիկ լափել են: Նա շարունակ հանգստացնող դեղեր էր օգտագործում: Կյանքը նրա համար կորցրել էր գույները: Ես համոզված եմ, որ նա այդ քայլին չպետք է գնար ու անպայման ճշմարտությունը բացահայտվելու էր: Նա ինքնասպանության մասին չէր խոսում ու այս քայլը անսպասելի էր»,-եզրափակեց Հասմիկ Մարտիրոսյանը հավելելով, որ պայքարելու է արդարությունը ջրի երես հանելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 19:00-ի սահմանում Երեւանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի:
Հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական եւ դիակի դատաբժշկական: