ԿԸՀ-ը թող գնա, այլ խնդիրներով զբաղվի. Վ. Բոստանջյան
«Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը «Ծառուկյան» դաշինքի ծրագրի հիմնական մեխն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով` իրենց առարկած ծրագրային կետերը իրագործելի են, զուտ խոստումներ չեն:
Հարցին, թե որ քաղաքական ուժերն են մրցակից իրենց համար, նա պատասխանեց. «Բոլոր քաղաքական ուժերն էլ մեզ համար մրցակից են: Քաղաքական բոլոր ուժերն էլ իրենց սկզբունքներն ու մոտեցումներն ունեն: Իսկ հաջողությունների կամ դրա բացակայության մասին կարելի է խոսել ապրիլի 2-ից հետո: Չի կարելի ասել, թե այս կամ այն ուժը մեզ մրցակից է, մյուսը՝ ոչ»:
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանը խախտում է օրենքը, մասնավորապես՝ նա քարոզարշավն սկսել է մարդկանց դրամական ու նյութական խոստումներ տալով, ապա Վ. Բոստանջյանը շեշտեց.«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թող գնա, այլ խնդիրներով զբաղվի: Այդ խոստումները միայն հիմա չեն հնչել, միշտ են հնչել: Գագիկ Ծառուկյանը պարզապես իր հզորությամբ իր անելիքների մասին է խոսում»: