Ամաչում էի, որ մարտի 8-ին եմ ծնվել, գիտեի, թե դա ամոթ է. Արամ Մանուկյան
«Մարտի 8-ին պետք է շնորհավորել մեզ, որ վայելում ենք այն երջանկությունը, սերը, որի միակ աղբյուրը հենց դուք եք», – այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից կազմակերպած «Կանայք հանուն խաղաղության» միջոցառման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, թե առաջադեմ աշխարհում կանանց դերն աճում է ամեն վայրկյան։
Իսկ ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանն էլում ծնունդն է այսօր, ասաց, որ դեռ դպրոցական տարիներից ամաչել է, որ իր ծննդյան օրը մարտի 8-ին է, բայց հասուն տարիքում է արդեն հասկացել, որ դա «մի հրաշք» առավելություն է:
Անկեղծ ասած՝ այն ժամանակ, դեռ դպրոցական տարիքից, ամաչում էի, որ մարտի 8-ին եմ ծնվել, գիտեի, թե դա ամոթ է։ Հետո մի քիչ հասունացա, հասկացա, որ դա մի հրաշք առավելություն է», – ասաց Արամ Մանուկյանը։
Նա նշեց, թե հետո արդեն իրենց այդ սխալն ուղղվեց, մարտի 8-ը վերականգնվեց որպես տոն։
«Այս իշխանությունները մի լավ բան արել են, մարտի 8-ը վերականգնել են։ Օրն, իսկապես, ժողովրդական է, գուցե դրա քաղաքական հիմքը խախուտ էր, մեր ապրիլի 7-ը պատմականորեն ավելի լայն բացատրություն ունի, բայց մեկ է, արդյունքում ստացվեց միամսյակ, և մարտի 8-ից ապրիլի 7-ը ամբողջ Հայաստանը նշում է կանանց տոնը և դա շատ լավ է», – նշեց Արամ Մանուկյանը։