Ինչ է տալիս Հայաստանին ԵԱՏՄ կազմում մնալը
Հայաստանը՝ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ դրանից դուրս, ինչպիսին է տարբեր քաղաքական ուժերի մոտեցումը։ Այսօր տեղի ունեցած «Արտաքին քաղաքանության և անվտանգության տեսլականը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով բանավեճի ժամանակ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը նշեց, որ անհասկանալի էր, երբ մեր պետության առաջնորդները 3 տարի շարունակ բանակցում են Եվրամիություն մտնելու համար եւ մի գիշերում Եվրասիական միության անդամ դարձանք։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես են նման որոշումներն ընդունվում։ ժողովրդի համար նման կարեւոր հարցը պետք է հանրաքվեի միջոցով որոշվեր»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե պետք է արդյոք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից՝ բանախոսը նշեց․
«Հիմա էլ տունտունիկ չենք խաղում․մտանք, հիմա էլ դուրս գանք»։
«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն էլ նշեց, որ ԵԱՏՄ կազմում լինելը ելնում է մեր շահերից։
«Առաջին հերթին, դա մեր ազգային անվտանգության շահից է բխում։ Բացի այդ, հայկական սփյուռքը Ռուսաստանում մեծ է, եւ մեր արտահանումը ԵԱՏՄ եւ մասնավորապես Ռուսաստան, բավական մեծ է»,- ասաց նա։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, որ իրենց կուսակցությունը միակն է, որ Ազգային ժողովում շրջանառության է դրել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։
«Սա վերին աստիճանի սկզբունքային քաղաքական գիծ է եղել մեզ համար։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այդ անհասկանալի եւ մեզ բոլոր տեսակի հեռանկարներից զրկող կառույցում, առաջընթաց չի լինի։ Մենք չենք կարողանում մեր հարեւան իրանից շատ ավելի էժան գազ գնել, չենք կարողանում մեր երկիրը տարանցիկ երկիր դարձնել էներգակիրների տեղափոխման համար, միայն մի բանի պատճառով, քանի որ ԵԱՏՄ-ում մենք կողպեքի տակ ենք դրել մեր իշխանությունը»,- ասաց նա։
Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, եւ իրենք դա ողջունում են։
«Եվրոպական միություն մենք հումք ենք արտահանում, մինչւդեռ Ռուսաստան մեր պատրաստի արտադրանքն ենք իրականացնում։ Մենք պետք է այդ միության շրջանակներում մեր կապերը խորացնենք»,- ասաց նա։