Հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը
2017 թվականի մարտի 2-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին: Ըստ նախագծի առաջարկվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները և եզրահանգումները ներկայացվում են առանձին:
Վերը նշված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ, որոնց մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը զարգացման նոր փուլ է թևակոխել և դրանում իր ակտիվ դերակատարումն ունի նաև քաղաքացիական հասարակությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան գտնում է, որ վերը նշված օրենսդրական առաջարկությունը և դրա կյանքի կոչումը մեր օրերում դարձել է հրատապ: Նշված փոփոխությունը կապահովի կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, կբարձրանա այդ գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողությունը:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
06 Մարտի, 2017թ.