Սպառնալիքներ ու ճնշումներ. «Հաց բերողին» սատարում է նաև Հրանտ Թոխատյանը
«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անող ակտիվիստներին ոստիկանները առավոտյան փորձել են ուժով հեռացնել տարածքից: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույցի կազմակերպիչներից՝ «Ազգային միացյալ նախաձեռնության» նախագահ Շահեն Հարությունյանը:
Նա նշեց, որ ոստիկանները պահանջել են, որ նստացույցի մասնակիցները Ազատության հրապարակում եղած իրերը հավաքեն՝ պատճառաբանելով, թե Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատմամշակութային նշանակության շենք է եւ դրա տարածքը պետք է մաքուր լինի:
«Արդեն 5 օր է, որ մենք նստացույց ենք իրականացնում և ամեն օր մեր շարքերը ընդլայնվում են: Այս 5 օրերի ընթացքում մեր ընկերներին ու նրանց հարազատներին շարունակ սպառնացել են: Ասենք ասել են՝ տղայիդ տուն բեր, թե չէ աշխատանքից կհեռացնենք: Ասել են, որ բաժին կտանեն ու մեղադրանքներ կառաջադրեն: Հարազատներին են բերման ենթարկել, ասելով, մինչև Ձեր երեխան Ազատության հրապարակը չլքի՝ բաց չենք թողնելու ու նման կարգի սպառնալիքներ ու ճնշումներ»,-ասաց Շահեն Հարությունյանը:
Շահեն Հարությունյանը նշեց, որ 2 գիշեր իրենց է միացել նաեւ դերասան Հրանտ Թոխատյանը՝ նստացույց անողներին սնունդ եւ ծածկոցներ տարել:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից, Ազատության հրապարակում, մի խումբ երիտասարդներ` Շահեն Հարությունյանի գլխավորությամբ նստացույց են հայտարարել, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Նրանք նաեւ ամեն օր հավաք-երթեր են կազմակերպում: Հաջորդ երթը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում: