25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր Զորավարը մարդ չէ

«Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ, տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ, բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված: Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում:

Ով փախչում էր, վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում. իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր և մահկանացու թագավորներից: Եվ մեզնից ամեն մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ ու անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բաներ’ այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են:

Իսկ արդ` եթե մահկանացու հրամանատարի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա’ն ավելի ևս /պետք է կատարենք/ մեր Անմահ Թագավորի համար, որ Տերն է կենդանիների և մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ: Չէ որ եթե խիստ շատ ապրելով ծերանանք, միևնույն է’ այս մարմնից պետք է բաժանվենք, որպեսզի մտնենք կենդանի Աստծու մոտ, որից այլևս չպետք է բաժանվենք:

Արդ, աղաչում եմ ձեզ, ո’վ իմ քաջ նիզակակիցներ. մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք և հայրենական գահի պատվով’ ավելի բարձր. բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալի թվան մեծերիդ ու փոքրերիդ ականջներին:

Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը Սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք։

Մանավանդ ես չեմ մոռացել և հիշում եմ, թե ինչպես ես և ձեզանից ոմանք այն ժամանակ անօրեն իշխանին խաբեցինք-մոլորեցրինք, ինչպես մի անպիտան մանուկ տղայի, երբ երեսանց նրա ամբարիշտ կամքը իբր կատարեցինք, բայց Տերն Ինքը վկա է մեզ, թե ծածուկ մտադրություններով ինչպես անբաժան ենք մնացել Նրանից: Այս դուք ինքներդ էլ գիտեք, որ հնարներ էինք փնտրում ազատելու մեր սիրելիներին, որոնք մեծ նեղության մեջ էին, որպեսզի նրանց հետ միասին մարտի մեջ մտնելով’ կռվենք անօրեն իշխանի դեմ հայրենի Աստվածատուր օրենքների համար: Եվ երբ նրանց չկարողացանք որևէ կերպ օգնել, թող անհնար լինի, որ մարմնավոր սիրո համար Աստծուն մարդկանց հետ փոխանակենք։

Իսկ արդ` երկու և երեք կռիվների մեջ Ինքը Տերը մեծ զորությամբ օգնեց մեզ, այնպես որ քաջության անուն ժառանգեցինք և արքունի զորքը չարաչար ջարդեցինք, մոգերին էլ անողորմ կերպով կոտորեցինք և կռապաշտության պղծությունը մի քանի տեղերից սրբեցինք, թագավորի անօրեն հրամանը ջնջեցինք-ոչնչացրինք, ծովի խռովությունն իջեցրինք, լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադեզ փրփուրն սպառվեց, գազանացած զայրույթը դադարեց:

Նա, որ ամպերի վրայից էր որոտում, ընկճված’ իր սովորական բնությունից էլ ցած իջավ’ մեզ հետ խոսելով: Նա, որ խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը Սուրբ Եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում:

Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը /չի կարելի փոխել/ , գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջը: Որովհետև սրա հիմքերը հաստատ կերպով դրված են անշարժ վեմի վրա, ո’չ թե երկրի վրա, այլ վերևում’ երկնքում, ուր ո’չ անձրևներ են գալիս, ո’չ քամիներ փչում և ո’չ էլ հեղեղներ հարուցանում: Եվ մենք էլ, թեպետև մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին:

Հաստատ մնացեք մեր անդրդվելի Զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջագործությունները: Ո’վ քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է Աստծու զորությունը: Որովհետև եթե ուրիշներին կոտորելով Աստվածային օրենքների համար’ մեզ պարծանք ժառանգեցինք և մեր ազգատոհմի քաջ անունը Եկեղեցուն թողինք, և վարձի ակնկալությունը Տիրոջից է, որ պահված է մեզնից ամեն մեկի համար իր սրտի հոժարության և կատարած գործերի համեմատ, ինչքան ավելի ևս, եթե մենք մեռնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծ վկայության համար, որ նույնիսկ երկնավոր հրեշտակներն են ցանկանում, եթե հնար լիներ:

Եվ որովհետև այս պարգևները ոչ թե բոլորին է պատշաճ, այլ ում համար պատրաստում է բարերար Տերը, մեզ էլ այս պատահեց ո’չ թե մեր արդար գործերի համար, այլ աննախանձ Պարգևատուի կողմից. ինչպես որ ասում էլ է Սուրբ Կտակարանում. «Ուր ավելի եղավ մեղքը, այնտեղ էլ ավելացան Աստծու շնորհները»:

Եվ խիստ հարմար է գալիս մեզ այս պատգամը. ինչպես որ մեծ չափով ամբարիշտ երևացինք մարդկանց, կրկնապատիկ չափով արդարացած կերևանք մարդկանց ու հրեշտակներին և ամենքի Հորը: Որովհետև չէ որ այն օրը, երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը, շատ արտասուք թափվեց Սուրբ Եկեղեցում, և է’լ ավելի շատ’ մեր սիրելիների մեջ: Մինչև անգամ մեր ընկերները զայրացած’ սրով էին սպառնում մեզ և կամենում էին դառն մահով պատժել մեզ, և մեր ծառաները խրտնում-փախչում էին մեզանից:

Հեռավոր մարդիկ էլ, որոնք լսել էին մեր քրիստոնեության անունը, տեղյակ չլինելով մեր մտադրություններին, ողբ ասելով` անդադար սուգ էին անում մեզ վրա և անգիտությամբ շատ անարգական բաներ էին խոսում մեր մասին: Եվ ինչ որ ամենից մեծն է’ կասեմ. ո’չ միայն մարդիկ երկրի վրա, այլև հրեշտակները երկնքում իրենց երեսները շուռ տվին մեզնից, որպեսզի տխուր դեմքերով չնայեն մեզ:

Եվ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից: Այն ժամանակ իբրև մի վշտալից սգավոր’ հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զվարթացած ու զգաստացած’ առհասարակ խելամիտ ենք դարձել. որովհետև բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ իբրև առաջնորդ. մեր Զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների Զորագլուխը: Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»:
Վարդան Մամիկոնյան

Այսօր Հայառաքելական եկեղեցին նշում է Վարդանանց պատերազմի սրբացված նահատակների հիշատակության օրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ