Ֆրանսիան Հայաստանի հետ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի. Անրի Ռենո
Այսօր՝ հուլիսի 10-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսը նվիրված էր հուլիսի 7-15-ը Հայաստանում անցկացվող Եվրասիական վավերագրական ֆիլմերի փառատոնին: Եվրասիական վավերագրական ֆիլմերի համաժողովը կազմակերպվել է “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հետ համատեղ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նախ խոսեց լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի Հայաստան ժամանելու առիթի մասին. “Բոլոր ժամանակների գերագույն մեծ վարպետը Հայաստանում է՝ բարձրյալի աջը թող նրա վրա լինի: Սա արդեն խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը:
“Ոսկե ծիրան” փառատոնի բացումը նշանավորվեց Ֆրանսուա Տրյուֆոյի ֆիլմով` “Սպանել դաշնակահարին” , որտեղ Ազնավուրը գլխավոր դերն է ստանձնել: Եւ վաղը նորից կլինի Ֆրանսիական ֆիլմ, որի և ռեժիսորը, և գլխավոր դեերակատարը ֆրանսիացի հայ է՝ Սերժ Ավետիքյան”,- նշեց Անրի Ռենոն:
Դեսպանը տեղեկացրեց, որ այս համատեքստում Հայաստան է ժամանել ֆրանսիական կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարադոնը:
Դեսպանը խոսեց նաև Էրիկ Գարադոնի կինոարտադրության ոլորտում ունեցած հանդիպումների մասին: Մասնավորապես անդրադառնալով “Հայֆիլմ” կինոստուդիայի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ ունեցած հանդիպմանը, որի ժամանակ համագործակցության մի շարք ծրագրեր են քննարկվել:
“Ֆրանսիան Հայաստանի հետ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, որոնց մեջ մտնում է համատեղ ֆիլմեր ստեղծելու ծրագիրը: Նման գաղափարներ մտահղացել է Էրիկ Գարանդոն”,-նշեց Անրի Ռենոն:
Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոնը ներկայացրեցեց դեռևս 1946 թվականին հիմնադրված կինոկենտրոնի պատմությունը և նշեց, որ կինոկենտրոնի ստեղծումը պատերազմից հետո՝ խթանել է Ֆրանսիայի կինոարտադրությունը: Այս կառույցը իր մեջ ներառում է և լիամետրաաժ և կարճամետրաժ ֆիլմերի արտադրությունը:
Էրիկ Գարանդոնը ասաց, որ տարեկան 700 միլիոնի ներդրում է կատարվում ֆրանսիական կինոարտադրության բնագավառում:
Միջազգային ծրագրերի ղեկավար Ժան Մարի Բարբը մանրամասնեց առաջիկա ծրագրերը. “Գյումրիում պատրաստվում ենք ստեղծել ծրագիր՝ կառույց, որտեղ մենք խորհրդակցութուններ կանենք, Գյումրիի կինոարվեստի ինստիտուտում ստեղծվելու է առաջին և երկրորդ կուրսերի մագիստրատուրա, կամ այսպես ասած վարպետության դասընթացներ”,-ասաց նա: