Ոնց որ նենց զոռով եք էս բանը բերել.վարչապետը՝ փոխոստիկանապետին
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնվեց անհարմար վիճակի մեջ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մի շարք հարցերին փոխոստիկանապետը երկար ժամանակ չէր կարողանում ճիշտ պատասխան տալ:
Փոխոստիկանապետը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հանվում էր վարչական տուգանքները չվճարելուց հետո առաջացող տույժերը: Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացվելու ոլորտում: Արդյունքում, ըստ փոխոստիկանապետի, բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը:
Վարչապետը հարցրեց, թե կոնկրետ ինչ բեռի թեթևացում է նախատեսվում քաղաքացիների համար:
«Պարոն վարչապետ, նախ թեթևացնում ենք վարչական բեռը: Բավական դյուրացնում ենք էն բոլոր փողոցային երթևեկության կանոնները, որտեղ դա հնարավոր է իրականացնել»,- նշեց Եղիազարյանը:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ վարչական բեռն է թեթևանալու:
Փոխոստիկանապետը պատասխանեց, որ վարչական տույժերի վրա եկող տուգանքները նվազեցվում է երկու անգամ:
«Նվազեցնո՞ւմ ենք, թե հանում ենք»,- հարցրեց վարչապետը:
Եղիազարյանն այդպես էլ չգիտեր իր կողմից ներկայացվող նախագծի բուն էությունը և կրկնեց, որ տույժերը նվազեցնում են:
«Էս մեր քաղաքացիներին էդ ա հետաքրքրում, որ դուք տուգանքների տույժերը հանում եք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Եղիազարյանը երրորդ անգամ կառավարության անդամներին հայտնեց, որ չեն հանում, նվազեցնում են: Վարչապետը շարունակեց հարցնել. «Հիմա նվազեցնո՞ւմ, թե՞ հանում եք»,- Կարեն Կարապետյանը:
Վարդան Եղիազարյանը վերջում ասաց. «Հա, հանում ենք, պարոն վարչապետ»:
«Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում: Պարոն Եղիազարյան, ոնց որ նենց զոռով եք էս բանը բերել»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը: