24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Չեմ բացառում, որ առաջիկայում կարող եմ հանդես գալ էստրադային ժանրի ստեղծագործություններով» (տեսանյութ)

Վերջերս ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը հանդիսատեսին ներկայացավ էստրադային ժանրի ստեղծագործությամբ: Նրա «Վերջապես»  երգը սիրվեց :

Երգիչը Henaran.am-ի թղթակցին պատմեց՝  թեև ժողովուրդն իրեն ճանաչում է որպես ժողովրդական երգիչ, այդուհանդերձ, չի բացառվում, որ առաջիկայում  կարող է ներկայանալ էստրադային ժանրի ստեղծագործություններով:  Այս և այլ հարցերի շուրջ Արման Խաչատրյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

-Արմա՛ն, պատմե՛ք Ձեր բեմական առաջին քայլերի մասին: Հիշո՞ւմ եք այն օրը, երբ առաջին անգամ մեծ բեմ դուրս եկաք:

-Երգել սկսել եմ վաղ տարիքից, բայց պրոֆեսիոնալ բեմահարթակ դուրս  եմ եկել 2012  թվականին՝ «Ժողովրդական երգիչ» նախագծի շրջանակում: Այդ նախագծի բեմն ինձ համար դարձել է առաջին մեծ բեմահարթակը, և ժողովուրդն ինձ ճանաչեց հենց «Ժողովրդական երգիչ» նախագծից:

-Ո՞վ է եղել Ձեր առաջին ուսուցիչը, ում Դուք վստահաբար կարող եք «վարպետ» կոչել:

-2010 թվականին ես ընդունվել եմ Առնո  Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ: Սովորել եմ Սամվել Ավետիսյանի վոկալ դասարանում:  Սամվել Ավետիսյանն իմ առաջին ուսուցիչն է: Մինչ օրս ես աշխատում եմ պարոն Ավետիսյանի հետ, և  վստահաբար կարող եմ ասել, որ նա իմ վարպետն է: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մաեստրոյին, քանի որ հենց նրա շնորհիվ է, որ ես այսօր վստահ, ամուր կանգնած եմ իմ հողի վրա և, բնականաբար, շարունակելու եմ երգել ու ստեղծագործել:

-Ձեր վարպետի կարծիքից զատ՝ ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար կարևոր:

-Առհասարակ, բոլորի կարծիքն էլ ինձ համար կարևոր է, բայց ինձ համար առաջնայինը ծնողներիս կարծիքն է: Այդուհանդերձ, պետք է ասեմ՝ լսում եմ բոլորի կարծիքը և փորձում եմ դրանից դասեր քաղել:

-Հայ աշուղական արվեստում ո՞վ է Ձեզ համար բարձրակետ համարվում: Ո՞ւմ ստեղծագործությունները կատարելիս  եք Ձեզ ավելի վստահ զգում:

-Աշուղական արվեստում ինձ համար բարձրակետը Սայաթ-Նովան է: Բայց,  պետք է ասեմ՝ շատ բարձր եմ գնահատում  բոլոր աշուղներին՝ Ջիվանուն, Հավասուն, Աշոտին, Իգիթին,  Նաղաշ Հովնաթանին: Բոլոր աշուղներն ինձ համար յուրաքանչյուրն առանձին-առանձին բարձրակետեր են: Ամեն երգ ունի իր պատմությունը և ամեն երգ յուրովի եմ զգում:

-Վերջերս համացանցում հայտնվեց  Ձեր «Վերջապես»  երգը, որն էստրադային ժանրի ստեղծագործություն է: Հանդիսատեսը Ձեզ ճանաչում է որպես ժողովրդական երգիչ, հնարավո՞ր է, որ առաջիկայում կրկին կատարեք էստրադային երգեր:

-«Վերջապես» երգը գրվել է իմ ընկերների պսակադրության առիթով: Ինձ առաջարկեցին, որ  կատարեմ այդ ստեղծագործությունը: Երբ երգը լսեցի, այն ինձ անմիջապես դուր եկավ: Հետո, կարծում եմ, այդ երգը սիրվեց: Չեմ բացառում, որ առաջիկանում  կարող եմ հանդես գալ նաև էրտրադային ժանրի ստեղծագործություններով:

-Ինչպիսի՞ն եք Դուք առօրյայում՝ բեմից դուրս:

– Առօրյայում մի քիչ ավելի խանդավառ եմ, աշխույժ ու գունեղ:

-Ի՞նչ եք կարծում,  ընկերներն ու մտերիմները Ձեր ո՞ր հատկանիշներն են առավել բարձր գնահատում:

-Կարծում եմ՝ իմ հումորի զգացումը, անկեղծությունը, և ընկերներին յուրովի նվիրվելու իմ ձգտումը:

-Մարդու մեջ ո՞ր հատկանիշներն եք արժեվորում:

-Մարդկային փոխհարաբերություններում կարևորում եմ անկեղծությունը: Եթե չլինի անկեղծությունը,  կարծում եմ՝ պարզապես հնարավոր չէ ինչ-որ  մեկի հետ նորմալ փոխհարաբերություններ ստեղծել:

-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք:

-Նախկինում իմ հարցազրույցներից մեկում նշել էի, որ զբաղվում եմ CD-ի ձայնագրման  աշխատանքներով: Այդ աշխատանքները շարունակվում են: Վերջին շրջանում ընկերներիս հետ համերգներ եմ ունեցել տարբեր մարզերում: Առաջիկայում համերգ կունենանք Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ իմ ծննդավայրում:

Մեր ավանդական հարցը. եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք:

-Եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ՝ շատ բան կանեի, շատ բաներ կփոխեի: Այդ փայտիկով կանեի այնպես, որ աշխարհում խաղաղություն լիներ, պատերազմներ չլինեին, ոչ ոք չհիվանդանար, և, իհարկե, բոլորն ապրեին բարեկեցիկ կյանքով:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ