26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են»

«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին ես չեմ տեսնում: Այդ պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության և փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է»,-ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում  ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է մեզ մեղադրել ձևավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ: Սա իրականությանը չի համապատասխանում: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի: Այս պատճառով էլ Ադրբեջանն անընդհատ դիմում է մանր ու մեծ սադրանքների, որպեսզի սրի իրավիճակն առաջնագծում և այդ ձևով իր մասին հիշեցնի մեզ և միջազգային հանրությանը:

Այդ քարոզչական հնարքները սին են և դատապարտված են ձախողման: Մեր դիրքորոշումը հետևյալն է. արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ: Մենք պետք է բանակցենք և ամուր հիմքեր դնենք երկու ժողովուրդների միջև բնականոն շփումներ և խաղաղություն հաստատելու համար:

Այո՛, հակամարտության կողմերը պետք է բանակցեն ամուր, վստահելի, ստուգման ենթակա մեխանիզմների վրա հիմնված խաղաղության շուրջ: Այդ ճանապարհին առաջին ճիշտ քայլը կարող էր լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի անցած տարվա հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացումը: Սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում նույնիսկ միջազգային ամենաբարձր մակարդակում հանձնառություններ ստանձնելուց և հաջորդ օրը դրանցից հրաժարվելուց:

Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը:

Ուստի, մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար: Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք:

Թո՛ղ Ադրբեջանը մրցակցի իր իսկ հավակնությունների հետ: Սակայն մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային շեշտակիորեն ազդելու կարողություն:

Ստեղծված պայմաններում ուժերի հավասարակշռությունը պարզապես անփոխարինելի է երկու ժողովուրդների կենսագործունեության համար: Այդ հավասարակշռության հիման վրա հնարավոր է բանակցել հաշտության շուրջ: Ուժերի եղած հավասարակշռությունը խախտելու փորձերը ուղղակի հղի են նոր ռազմական գործողություններ սադրելու վտանգով:

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,

Գլոբալ մակարդակում Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ անվտանգության, կայունության ամրապնդման և միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման գործում։ Դրա վկայությունն է Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ մի շարք առաքելություններին։

Ես մեծ հպարտություն եմ ապրում այն ժամանակ, երբ հանդիպելով արտասահմանցի իմ գործընկերներին, ինչպես նաև արտգործնախարարներին և պաշտպանության նախարարներին, որոնցից լսում եմ դրվատանքի խոսքեր հայ խաղաղապահների մասին:

Շնորհակալ եմ հայ զինվորականներին՝ առաջին հերթին նրանց, ովքեր պատրաստում են այդ զորախմբերը և, իհարկե, նրանց, ովքեր անդամ են այդ զորախմբերի՝ Հայաստանի անունը և պատիվն այդքան բարձր պահելու համար:

Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է Հայաստանի և Ռուսաստանի ձևավորած ռազմական դաշինքը: Այն ունի շատ հարուստ պատմություն և ավանդույթներ, քանի որ հայ և ռուս զինվորականները երբեք չեն եղել խրամատների տարբեր կողմերում:

Այնուամենայնիվ, որևէ ռազմական դաշինք չի կարող հիմնված լինել միայն հույզերի վրա: Այս դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա:

Այն անփոխարինելի է այս տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել իր բոլոր դաշնակցային պարտավորությունները ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում:

Ուզում եմ, որպեսզի բոլորդ շատ հստակ գիտակցեք, որ այո՛, նաև ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա, ուղղակի անթույլատրելի է:

Միաժամանակ, մենք շարունակելու ենք աշխույժ դրական օրակարգ ձևավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: Այս բոլորը կարևոր գործոններ են մեր մյուս հարևանի՝ Թուրքիայի անբարյացակամ, եթե չասենք՝ թշնամական, քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար:

Վերջին շրջանի ուրախալի լուրերից մեկն էր Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս ուղղությամբ զարգացումներին: Առանց գերագնահատելու մեր հնարավորությունները՝ պետք է հետևողականորեն խրախուսենք այդ համաձայնության կողմերին՝ բարեխղճորեն կատարել իրենց ստանձնած պարտականությունները:

Հայաստանը պետք է իր ուժերի չափով իր լուման ներդնի միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների չտարածման ռեժիմների ամրապնդման գործի մեջ: Այս առումով, անշուշտ, կարծում եմ՝ բոլորիս են անհանգստացնում Կորեայի թերակղզում տեղի ունեցող զարգացումները:

Ես շատ կարճ փորձեցի ներկայացնել նաև մեր արտաքին և գլոբալ միջավայրը՝ հույս ունենալով ժամանակ հատկացնել հարցերի ու պատասխանների համար: Ուղղակի խնդրում եմ ձեզ ակտիվ լինել:
Պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին«»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ