Երբ է Աստված սկսում գործել մեր կյանքում
Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդու համար: Տիտոս 2.11
Այսօր ոչ բոլորին է հայտնի Աստծո շնորհքի գաղտնիքը: Եթե քրիստոնյաները հասկանան, թե ինչ է շնորհքը, եկեղեցին աննկարագրելի հաջողությունների կհասնի: Հայերենում շնորհք բառը շատ ճիշտ է գործածվում: Օրինակ՝ երբ երիտասարդն առանց աշխատելու, լավ ավտոմեքենա է վարում, ասում են, որ դա ոչ թե նրա, այլ նրա հոր շնորհքն է:
Աստծո շնորհքը մեզ տալիս է այն ամենը, ինչ չենք կարող ձեռք բերել մեր ուժերով: Մարդկային ընդունակություններով ու կարողություններով կարելի է հասնել մեծ հաջողությունների, իսկ Աստծո շնորհքով՝ գերբնական արդյունքների:
Գրված է, որ շնորհքը փրկարար է ամեն մարդու համար, այսինքն` մենք Աստծո շնորհքով ենք փրկված, ոչ թե մեր գործերով: Ոչ ոք չի կարող իր ջանքերով հավիտենական կյանք վաստակել: Մենք Աստծո շնորհքի կարիքն ունենք նաև մեր կյանքի մյուս բնագավառներում՝ առողջական, ֆինանսական և այլն, որովհետև շատ անգամ մեր բնական կարողություններն ու ջանքերն անզոր են՝ մեզ օգնելու: Առանց շնորհքի՝ չենք կարող նաև Տիրոջ գործերը կատարել:
Եթե դու հաջողությունների ես հասել քո ընդունակությունների և ջանքերի շնորհիվ, չես կարող ասել, որ դա Աստծո շնորհքն է: Շնորհքը գործում է, երբ գիտակցում ես, որ մարդկային ուժերով ոչինչ չես կարող անել:
Սիրելիներ, քննեք ձեր կյանքը և տեսեք, թե ինչի եք հասել ձեր ուժերով, և որտեղ է, որ Աստծո շնորհքի կարիքն ունեք: Ապավինեք Տիրոջը, մնացեք Նրա շնորհքի մեջ, որ կատարեք այն գործերը, որոնք մարդկային տեսանկյունից անհնարին են թվում:
Արմեն Ալեքսանյան