Փորձում են «գողական գաղափարախոսություն» տարածել լրատվական ու քաղաքական հարթակներում
Լրատվամիջոցների անսահման հետաքրքրության պատճառով առաջին ու վերջին անգամ անդրադառնում ենք շորթման մեղադրանքով ձերբակալված ամբաստանյալ “Անալիտիկ” կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատական գործին: Չնայած այն հանգամանքին, որ ամբաստանյալի փաստաբանը շարունակաբար սուտ տեղեկություններ է հնարում ու տրամադրում լրատվամիջոցներին, իրականությունը շարադրված է մեղադրական եզրակացության մեջ, և ,եթե որևէ մեկը հարց ունի այդ թեմայի շուրջ, կարող է դիմել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, կամ դատախազություն:
Այն լրատվամիջոցին, որն ամեն նախընտրական շրջանում փորձում է պղտորել Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող միավորումները և փորձեց շահարկել նաև այս թեման,միայն անհրաժշտ է հիշեցնել,որ հենց դրա գլխավոր խմբագիրն է դասալքության համար դատապարտվել ու դատարանում սեփական մոր դեմ ցուցմունք տվել: Ուստի այս հանգամանքը նրանց հիշեցնելու ենք ամեն անգամ, երբ կփորձեն “գողական գաղափարախոսություն” տարածել լրատվական ու քաղաքական հարթակներում: Պատգամավոր Ուրիխանյանի դիրքորոշումը մեկն Է` հանցագործը պիտի կրի օրենքով սահմանված պատիժ անկախ նրանից, թե ում բարեկամն է, ինչ հովանավոր ունի, ինչ սեռի, ռասայի կամ կրոնի է պատկանում:
Մենք պիտի ապրենք օրենքի երկրում, և օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար:Ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխել այդ սկզբունքը: Ինչ վերաբերում է ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին, անհրաժեշտ է նշել,որ ՀՀ Սահմանադրության և գործող ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում պատգամավորը չի ներկայանալու դատական նիստերին տուժող կողմի դիրքից հանդես գալու ցանկության բացակայության պատճառով: Պատգամավորը ներողամտությամբ է վերաբերվում տեղի ունեցածին, բավարար է համարում ամբաստանյալի ութ ամսվա ազատազրկումը կատարված արարքի պարագայում և հույս է հայտնում, որ միջազգային հարթակներում ադրբեջանական պատվիրակությունների դեմ պայքարելիս այլևս չի նկատի “պատերազմի ու պատգամավորական կապրիզների մասին”, ինչպես նաև ընտանիքի անդամների վերաբերյալ շարադրություններ “Անալիտիկի” տիրույթում և չի առարկելու ամբաստանյալի նկատմամբ պատժի մեղմացմանը:
Միևնույն ժամանակ նշենք,որ նույն անձին ներկայացված է մեկ այլ ավելի ծանր մեղադրանք “ՎՏԲ” բանկի ցուցմունքների հիման վրա, ինչը մեզ հետաքրքրող տիրույթում չէ, ավելին`բազմաթիվ մութ պատմությունների մեջ թաթախված և մեր երկրի հանրությանը բազմաթիվ բացատրություններ տալու կարիք ունեցող այդ բանկին, որպես տուժողի, և մեղադրյալի փաստաբանին խորհուրդ ենք տալիս միմյանց հետ հաշիվները պարզել առանց պատգամավոր Ուրիխանյանի անունը շոշափելու: Հակառակ պարագայում դատավարության ընթացքում կարող են ի հայտ գալ նոր ու չափազանց հետաքրքիր այլ տեղեկություններ:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակ