Անձնական պատասխանատվության պետք է ենթարկվեն` ի ցույց մյուսների
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին: Օրակարգում երկու կարևոր փաստաթղթեր էին` հունիսի 5-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում պետական շինարարության ողջ ընթացքը ոլորտ առ ոլորտ խթանելու, վերջիններիս համար սահուն գործող միասնական համակարգ ստեղծելու, ինչպես նաև հունիսի 29-ին բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ կայացած քննարկումների ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր իշխանության ղեկավարներին տրված հանձնարարականները:
Անդրադառնալով Նախագահի հանձնարարականների տրամաբանությանն ու պահանջներին, նախարարը մասնակիցներին հիշեցրեց, որ երկու դեպքում էլ գործ ունենք տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման նոր իրողությունների հետ, որոնք սկզբունքային անհրաժեշտություն են տարածաշրջանային սպասվող վերդասավորումներից առաջ:
”Այս շրջանակներում իրատես և ծրագրային են հատկապես Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի հետևյալ հանձնարարականները,- նշեց նախարարը`
– Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն , հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց ետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր` արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար”:
Նախարարը նշեց, որ անհապաղ և անմիջականորեն, պետք է անդրադառնալ նշված խնդիրների իրականացման համար պահանջվող դաշտի ձևավորմանը, հանձնարարելով ոլորտի պատասխանատուներին հնարավորինս արագ ուսումնասիրել և քննարկման ներկայացնել մասնագիտական առաջարկներ:
Շատ ավելի կոնկրետ ու հասցեական էին երկրորդ փաստաթղթի քննարկման ժամանակ նախարարի տված հանձնարարականները: Վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ մտքերի փոխանակման ժամանակ ոլորտի պատասխանատուներին ի ցույց տրվեցին այն բոլոր վտանգները, որոնց հնարավոր անտեսումը կարող է հանգեցնել օրենքից շեղումների:
”Իսկ օրինակության պահպանողները մենք ինքներս պետք է լինենք: Եվ բոլոր նրանք, ովքեր նպաստել են կամ կնպաստեն օրենքի պահանջների խախտմանը, անձնական պատասխանատվության պետք է ենթարկվեն` ի ցույց մյուսների”,-նշեց նախարարը:
Շահագրգիռ քննարկումների արդյունքում խորհրդակցության մասնակիցները հավաստիացրեցին, որ առաջիկայում իրենց կոլեկտիվներում նույնպես կանցկացվեն նման քննարկումներ, անձնական պատասխանատվության և նորովի աշխատելու մասին պահանջները հասցնելով բոլոր աշխատողներին:
Խորհրդակցությունն ընդունեց առաջիկայում աշխատանքներում շոշափելի վերափոխումների հասնելու նախարարի հանձնարարականը: