Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է ջրադուլն ու հացադուլը: Այս մասին տեղեկանում ենք նրա կնոջ ՝ Լիա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:
Ներսես Պողոսյանն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ես դադարեցնում եմ հացադուլը եւ ջրադուլը: Չեմ ցանկանում իմ արդարացի եւ օրինական պահանջի արդյունքը վայելել խեղված կամ հաշմանդամ դարձած: Ես չեմ կարող բեռ դառնալ ընտանիքիս համար:
Ես խոսք ունեմ ասելու՝ հատկապես դատարանում, եւ ես չեմ ցանկանում դատարան գնալ պատգարակով կամ մթագնած գիտակցությամբ: Պայքարս շարունակելու եմ: Տառապանքով վաստակած արդարությունն առավել քաղցր է լինելու…»:
Ներսես Պողոսյանը ջրադուլով եւ հացադուլով պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: