Գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` ի պատասխան Ադրբեջանի ռազմական գերատեսչության այն պնդմանը, թե հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեին Զադենը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում, հաստատել է, որ գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում:
Նա իր Facebook-ի էջում մասնավորապես գրել է. «Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված դիվերսիոն-հետախուզական գործողության մասին հաղորդագրության, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել հերքումով, որում մասնավորապես ասվում է, թե իբր հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել զինված ուժերի շարքերից և ներկա ժամանակ տվյալ անձը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել:
Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: