ԱՄՆ-ը նոր նախագահ ունի՝ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն այսօր իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթում նշել է, որ իրենց գերակայություններից է հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականությունն առավել հանգամանալիորեն ներկայացնելը:
«Ես սա առանձնացրեցի որպես գերակայություն, որովհետև շատ հայեր, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու, և մարդիկ, ովքեր նախկինում այցելել են Նահանգներ կամ ապրել այնտեղ, նշում էին, որ չեն հասկանում ԱՄՆ քաղաքականությունը: Շատ առումներով սա հեշտ գործ չէ, եթե հաշվի առնենք հայաստանյան լրատվական դաշտի իրողությունները:
Ամերիկյան ու արևմտյան լրատվական աղբյուրներից հայերը քիչ են օգտվում, ու թեպետ ինտերնետը տարեցտարի ավելի ու ավելի լայն տարածում է ստանում, սակայն ամերիկյան լրատվամիջոցներից օգտվելու համար շատերին խանգարում է անգլերենի չիմացությունը: Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր խմբերի հետ, ինչպիսի օրինակ այս խումբն է, եղել եմ մի շարք համալսարաններում, դեսպանատան ամերիկացի անձնակազմը, մեր կրթական ծրագրերի շրջանավարտների հետ գործակցելով, արտաքին քաղաքականության տարբեր հարցերի են անդրադարձել Ամերիկյան անկյուններում, ես մի շարք հարցազրույցներ եմ տվել, ուղիղ ճեպազրույցներ ունեցել ֆեյսբուքում, ու նաև ակտիվ ենք եղել թվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում: Ինձ հետաքրքիր կլինի լսել ձեր գնահատականն այս ուղղությամբ մեր աշխատանքների մասինև առաջարկները, թե ինչպես կարող ենք ավելին անել: Եթե կարծում եք, որ արժե ավելի լավ հասկանալ ԱՄՆ գործողություններն ու քայլերն աշխարհում, ապա հետևեք մեզթվիթերյան ու ֆեյսբուքյան հարթակներում, մեկնաբանություններ ներկայացրեք մեր հրապարակումների վերաբերյալ ու դրանք փոխանցեք ձեր շրջապատի մարդկանց:
Ամփոփելով նշեմ, որ ես հպարտ եմ այն աշխատանքներով, որ վերջին 15 ամիսների ընթացքում կատարել է դեսպանատունը նախանշած չորս գերակա ուղղություններով: Կարծում եմ ուշադրությունը որոշակի ոլորտների բևեռելու մեր որոշումը շահավետ էր, քանի որ դա թույլ տվեցդեսպանատանը ներկայացվածտարբեր գերատեսչությունների ու գրասենյակների գործիքակազմն ու ռեսուրսները միավորել ու ձևավորել ստեղծարար ու փոխլրացնող ծրագրեր, որոնք կարող են տեղաշարժեր ապահովել այնպիսի ոլորտներում, որոնց ամեն օր առնչվում են շարքային քաղաքացիները: Մենք օգնել ենք ստեղծել աշխատատեղեր, ներգրավել նոր ներդրումներ, խոսակցություն սկսել հայ և ամերիկացի գործարարների միջև, ամերիկացի փորձագետներ ենք հրավիրել՝ աշխատելու կառավարության ու այլ գործարարների հետ այն ոլորտներում, որտեղ ամերիկյան փորձը կարող է օգտակար լինել: Անշուշտ, մեր ընթացքը շարունակվում է և բարելավումների տեղշատ կա:
Արդեն իմ երկար խոսքի ավարտին եմ մոտենում, բայց մինչ այդ ուզում եմ նշել, որ Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի, իսկ դա նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է, սակայն փոփոխության հետ մեկտեղ գալիս են նաև հնարավորություններ: Կարող եմ փաստել, որ ամեն անգամ, երբ նոր վարչակազմ է ձևավորվում, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով պետքարտուղարության մեր վաշինգտոնյան գործընկերների հետ,պետք էապահովի տեղեկություններ նոր վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք պատկերացնել հայ-ամերիկյան հարաբերությունների ուղեգծերն ու նրբությունները, մեր շահերի կարևորությունը Հարավային Կովկասում և մեր բարեկամությունն իր ողջ խորությամբ»,- ասել է նա։