26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կարող ենք ստանալ ՌԴ-ից

Այն, որ Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի ազդեցությունը կենսական նշանակություն ունի, թերեւս գաղտնիք չէ: Ռուսաստանը մեզ մատակարարում է էժան գազ, ֆինանսավորում եւ տեխնիկապես աջակցում ատոմակայանի գործունեության ժամկետի երկարացման ծրագիրը, հանդիսանում մեր ապրանքների արտահանման հիմնական շուկան եւ մեր աշխատանքային միգրացիայի հիմնական երկիրը:

Հետեւաբար, այդ երկրի հետ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները անընդհատ զարգացման եւ խորացման անհրաժեշտություն ունեն, ինչին ի նպաստ կատարված կարեւոր քայլ էր վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Կոնկրետ խնդիրներից, որոնք մշտապես մտահոգում են Հայաստանին եւ հայ գործարարներին, դեպի Ռուսաստան տրանսպորտային փոխադրումների հարցն է:

Տարվա մեծ մասը եղանակային պայմանների պատճառով փակվում է դեպի այդ երկիր տանող միակ՝ Վերին Լարսի ճանապարհը, իսկ այն գործելու ժամանակ մեծ հերթեր են առաջանում, քանի որ նույն ճանապարհով դեպի Ռուսաստան ապրանքներ են փոխադրում նաեւ թուրքական փոխադրողերը: Չնայած հայտարարվել է, որ հայկական մեքենաներն առանձին եւ ավելի արագ պետք է սպասարկվեն, բայց խնդիրը մնում է: Վարչապետի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ այս հարցը կրկին քննարկվել է:

Դրա արդյունքում, կառավարության նիստում, վարչապետը, «hաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ», տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է ռուսական եւ վրացական կողմերի հետ քննարկել եւ մինչև մարտի 1-ը ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ: Ակնհայտ է, որ եթե ռուսական եւ վրացական կողմերը համաձայնության գան այս հարցի առնչությամբ, ապա հայ փոխադրողները, հետեւաբար նաեւ արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանք արտադրողները, ռուսական շուկայում հայտնվելու ավելի արագ եւ առանց ժամանակի վատնումների հնարավորություն կստանան:

Մյուս կարեւոր պայմանավորվածությունը Հայաստան ռուսական արտադրության գյուղտեխնիկայի լիզինգային պայմաններով մատակարարման մասին էր: Ռուսակսան նոր գյուղտեխնիկայի՝ նպաստավոր պայմաններով Հայաստան մատարակարելը կխթանի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը, ավելացնելով նաեւ հայկական գյուղմթերքների արտահանումը Ռուսաստան: Ի դեպ, անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են մոտ 70 տոկոսով:

Դեպի Հայաստան ռուսաստանցիների զբոսաշրջության խթանման նպատակով այդ երկրի քաղաքացիների ներքին անձնագրերով մուտք գործելու վերաբերյալ համաձայնությունը նույնպես վերջնական կարգավորում ստացավ: Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այդ կարգը կսկսի գործել: Միաժամանակ, ռուսաստանցիների համար գրավիչ զբոսաշրջային առաջարկներ ներկայացնելու հանձնարարական է տրվել զբոսաշրջության կոմիտեին:

Սակայն վարչապետի այցի, թերեւս, ամենառարկայական արդյունքը Հայաստանում ներդրումների ներգրավման ուղղությամբ Մոսկվայում կայացած հանդիպումներն ու ընդունված որոշումներն են: Առաջինը՝ ռուսական ներդրումների Հայաստան ներգրավման նպատակով որոշվել է ստեղծել հայ-ռուսական ներդրումների հիմնադրամ: Երկրորդը՝ Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ներդրումների ներգարվումն ապահովելու վերաբերյալ պայմանավորվածությունն էր:

Եվ վերջապես, Կարեն Կարապետյանի Մոսկվայում գտնվելու ժամանակ Ռուսաստանի հայտնի հայ գործարարների հայտարարությունը՝ Հայաստանում իրենց ներդրումային ակտիվության ավեկլացման մասին: Հայտարարություն, որին նախորդել էր Հայաստանի վարչապետի հանդիպումը դրանց հեղինակների հետ: Այս երեք առանցքային պայմանավորվածությունները խոստանում են մի քանի հարյուր միլիոն հավելյալ ներդրումների հոսք Հայաստան: Մնում է միայն հետեւողական աշխատանք տանել, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ