Սպառազինության մրցավազք նոր փուլի մեկնարկի համար. Հայաստանը ունի վերջին նորույթի զենքեր
«Մենք մեր խղճին դեմ չգնանք, նաև մենք մեզ ապացուցելու խնդիր էլ ունենք։ Սպառազինությունների մրցավազքը նաեւ ամենատարբեր ոլորտներում է ընթանում, ինֆորմացիոն դաշտում, նաև հոգեբանական ներազդման այդ բաղադրիչը կա, մենք սպառազինվում ենք։ Մենք այդ առումով համագործակցում ենք, ոչ միայն ռուսական ուժի հետ»,- այսօր՝ հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից մեկ միլիարդ դոլորի զենք վաճառելու հարցը մեկնաբանեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Դավիթ Ջամալյանի կողմից այս հարցը բացատրվում է այսպես՝ Բաքուն գնում է այնպիսի զենքեր, որոնցով կկարողանա ճեղքել արցախյան ճակատում Հայաստանի պաշտպանությունը:
Ռազմական փորձագետը փաստում է. «Մենք ունենք այնպիսի զինատեսակներ, որոնցով կկարողանանք զսպել հակառակորդի ագրեսիան ու չեզոքացնել մեր թշնամու կարևոր ենթակառուցվածքները: Մենք գործ ունենք սպառազինության մրցավազքի նոր փուլի մեկնարկի հետ, հետևաբար մենք չպետք է ետ մնաք Ադրբեջանից , անհրաժեշտ է համարժեք պատասխան տալ նրան`մասնավորապես գնել հրթիռային ու հակատանկային զենքեր»:
Դավիթ Ջամալյանի դիտարկմամբ իդեալական փոխհարաբերություններ չեն լինում , հետևաբար հայ-ռուսական հարաբերություններն էլ այդպիսին են, սակայն այս դաշինքը հավասարության վրա հիմնված դաշինք է հատկապես այն առումով, որ որքան ՌԴ-ն է կարևոր մեզ համար, այնքան էլ մենք ենք կարևոր իր համար:Մենք պետք է պահանջենք պարզապես մեր ռազմավարական գործընկերոջից այս հարցին լուծում տալ:
Քաղաքագետ Լեւոն- Մելիք Շահնազարյանը համոզված է, որ Հայաստանը միշտ էլ արդյունքի կհասնի, եթե ճիշտ օգտագործվի մեր ռազմական պոտենցիալը: Նա լավատեսորեն է տրամադրված և որպես ապացույց մատնանշում է վերջին նորույթի զենքերով Հայաստանի անընդհատ սպառազինվելը:
«Մենք կարողացել ենք ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, որը ձեռք են բերել տարբեր երկրներից, մոդիֆիկացնել, որակական փոփոխություններ տալ եւ այդ զենքը ի զարմանս իր հեղինակների՝ դարձել է երկուսուկես երեք անգամ ավելի հզոր, ոչ բոլորը, բայց այդպիսի հրթիռներ մենք ունենք»,- ասաց քաղաքագետը։
Քաղաքագետի խոսքերով՝ պետք է զարգացնել մեր ռազմաարդյունաբերական ոլորտը։ Գիտնականներին պետք է օգնություն ցույց տրվի այդ ոլորտում աշխատելու համար։