Որոշ քաղաքական գործիչների հիշողությունը պետք է թարմացնել. Բորդյուժան՝ Ալիևին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահ է, որ ԼՂՀ-ի հիմնախնդիրը պետք է միայն խաղաղ եղանակով լուծվի:
”Ղարաբաղյան կոնֆլիկտի պատերազմական լուծում գոյություն չունի, ես կարծում եմ, որ միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարելի է հասնել խնդրի լուծման”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ն. Բորդյուժան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Ադրբեջանի զինված ուժերին նվիրված զորահանդեսի ժամանակ արած հայտարարություններին:
Ն. Բորդյուժան նշեց, որ այս խնդիրը երկար ժամանակ է, որ ձգձգվում է և բավականին դժվար է, սակայն լուծման այլ տարբերակ ինքը չի տեսնում: ՛՛Ոչ մի այլ տարբերակ խնդրի լուծման համար գոյություն չունի՛՛:
Նա շեշտեց, որ այս տարածաշրջանում 1990-ականներին տեղի ունեցած իրադարձությունները փաստեցին, որ բավական դժվար է պատերազմական գործողություններից հետո կրկին խաղաղություն հաստատել: ՛՛Շատ հեշտ է որոշում ընդունել առաջինը զենք կիրառելու մասին, բայց հետո շատ դժվար է խաղաղություն հաստատել՛՛,-նկատեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
՛՛Ես կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ մոռացել են այն տխուր փորձը և նրանք պետք է վերհիշեն 90-ականները, ինչը կթարմացնի նրանց հիշողությունը: Միայն խաղաղ ճանապարհ` Ղարաբաղյան խնդիրը լուծելու համար՛՛,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեկ Ալիևը հայտարարել էր.
՛՛Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղում կրկին կծածանվի ադրբեջանական դրոշը: Մեր երկիրը և ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանի տարածքում ձևավորվի հայկական 2-րդ պետությունը՛՛:
ՀԱԿՊ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ իրենք, բնականաբար, հետևում են կոնֆլիկտին, իրադարձությունների զարգացմանը, սակայն այս կոնֆլիկտով զբաղվում է Մինսկի խումբը և ինքը դեմ է, որ յուրաքանչյուրը, այդ թվում նաև ՀԱՊԿ-ը, միջամտի այս գործընթացին: Ն. Բորդյուժան ընդգծեց, որ երկու երկրների ղեկավարները ևս պետք է օգնեն Մինսկի խմբին՝ կոնֆլիկտի խաղաղ լուծման համար: