Ինչ է քննարկել Կարապետիչը Սեյրան Օհանյանի հետ (տեսանյութ)
«Ինչո՞ւ դաշինք, որովհետև ակնհայտ է, որ դաշինքի վերաբերյալ պահանջներ կան, ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի, միշտ դա ասել ենք, բայց չի ստացվել: Ինչո՞ւ Սեյրան Օհանյան, որովհետև ես բոլորի կարողությունները գիտեմ, բոլոր կուսակցությունների, դաշինքների կարողությունները, մոտեցումները գիտեմ, շատ դեպքերում աթոռակռիվ է գնում, մեծ նպատակներ չկան, իսկ Սեյրան Օհանյանին անձնապես ճանաչում եմ, համակրում եմ, մաքուր մարդ է, մեդալակիր, համակրում են նաև Վիկտոր Դալլաքյանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան դաշինքնին միանալու իր որոշումը:
Ըստ նրա՝ Սեյրան Օհանյանն ազնիվ մարդ է ու առնչություն չունի «մարտի մեկի» հետ: Բացի այդ Տիգրան Կարապետյանին գրավում է այն, որ սա բաց դաշինք է:
Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը միթե պատասխանատվություն չունի ապրիլյան դեպքերի համար, բանախոսն արձագանքեց, թե ավելի շատ գլխավոր հրամանատարն է պատասխանատուն:
Նա հայտնեց, որ հանդիպում է ունեցել Պաշտպանության նախկին նախարարի հետ: «Ես ուզում էի պարզել՝ նպատակները խորն են, ասենք Սեյրան Օհանյանն ասաց, որ ամեն ինչ անելու ենք ազգի համար, ազգը փրկել է պետք, ես դա լոկ խոսքեր չեմ ասում»,-ասաց նա: