Հենրիկի մայրը դեռ սպասում է որդուն, Աշոտի մայրը հիշում է. նրանք մենակ չեն /տեսանյութ/
Ապրիլի 4-ին հայրենիքը պաշտպանելիս զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանին մայրը դեռ սպասում է:
Վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատեց Հենրիկին : Հենրիկը ստացավ մահացու հրազենային վիրավորում, բայց փրկեց ընկերների կյանքը:
«Ես իմ հոգու խորքում դեռ չեմ հաշտվում այն մտքի հետ, որ իմ տղան չկա: Ինձ անընդհատ թվում է, որ նա մի օր կգա»,-որդու նկարներին է նայում մայրը:
Այսօր՝ հունվարի 27-ին «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ներկայացուցիչները, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը, ազատամարտիկ Դանիել Գրիգորյանը, Ավիացիոն ինստիտուտի և Վ. Սարգսյանի համալսարանի կուրսանտների մասնակցությամբ այցելեցին Հենրիկ Ղահրամանյանի և Աշոտ Զոհրաբյանի ընտանիքներին:
Աշոտ Զոհրաբյանի մայրը անընդհատ պատմում էր որդու մասին:
Աշոտը զոհվել է Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը : Նա 25 տարեկան էր:
Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված 101 հերոսների հիշատակին նվիրված ծրագիրը նպատակ ունի մշտապես զորավիգ լինել նրանց ընտանիքի անդամներին:
«Մեր բարոյական պարտավորությունների մեջ մեր պարտականությունն է այցելել զոհվածների ընտանիքին: Եկել ենք շնորհավորելու բանակի օրվա առթիվ: Ոչ մեկը Ձեզ չի կարող մխիթարել, բայց Դուք պետք է հպարտանաք , որ Ձեր որդին փառավոր կյանքը ավարտեց իր պետության սահմանները պաշտպանելու համար»,-նշեց Սամվել Թադևոսյանը:
Ավիացիոն ինստիտուտիկուրսանտ Նարեկ Աղաջանյանը ընդգծեց, որ եթե հանկարծ մեր սահմաններին վտանգ սպառնա ինքն էլ պատրաստ է առաջնագիծ գնալ:
Լուսանկարում՝ Աշոտ Զոհրաբյանի իրերն են:
Մանրամասները՝ տեսանյութում: