27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գնումների ոլորտում գնում ենք հակակոռուպցիոն համարձակ քայլերի

Հունվարի 25-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում հասարակական կազմակերպությունների հետ, որտեղ ներկայացվեցին և քննարկվեցին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված, ինչպես նաև 2017թ-ին նախատեսվող այն գործողություններն ու միջոցառումները, որոնք միտված են կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը, հակազդմանն ու կանխարգելմանը: Ներկայացվեց նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ս.թ. հունվարի 21-ին ՀՀ վարչապետի ղեկավարությամբ կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում քննարկված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կարգավորման ենթակա ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ամփոփաթերթը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պատրաստվել է ամփոփաթերթ, որով «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված կարևոր փաստաթղթով վեր հանված 36 խնդիրների վերաբերյալ ներկայացված են գերատեսչության դիրքորոշումները և ընդունելի կետերի մասով կատարման կարգավիճակները: Ըստ այդմ՝ բարձրացված խնդիրների մասով նյութում տեղ գտած  36 առաջարկից 18-ը կատարված է: Թվով 6 առաջարկ ընդունելի չէ և կատարման ընթացքում է. դրանք արտացոլված են կառավարության ծրագրում, նախարարության գերակա խնդիրներում և միջոցառումների ցանկում:  4 առաջարկ  ընդունելի չէ, սակայն այն առումով, որ բարձրացված խնդիրների մասով ռիսկերի նվազեցման այլ գործիքներ են սահմանվել, 1 առաջարկ լրացուցիչ քննարկման կարիք ունի,  7 առաջարկ ավելի լայն է ներկայացված և գնումների ոլորտից դուրս է:

Արամյանի խոսքով իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը և թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը. «Մենք, ուսումնասիրելով նաև միջազգային փորձը, գնումների ոլորտում գնացել ենք համարձակ քայլերի՝ մեծ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոսկե կանոնի 3 սկզբունքների պահպանմանը. դրանք են՝ գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովում, հաշվետվողականության և պատասխանատվության համար համակարգերի ներդրում, հասարակության իրազեկվածություն»:

Քննարկմանը ներկայացվեցին նաև պետական գնումների ոլորտում իրականացված հակակոռուպցիոն գործողությունները: Մասնավորապես՝ պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծեց պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնք կառուցված են գնումների գործընթացում իրականացվող բոլոր գործողությունները և կայացվող որոշումները ցանկացած անձի համար տեսանելի լինելու, բողոքարկելու և փոփոխելու սկբունքով: Նա կարևորեց 3 հիմնական բարեփոխում. նախ՝ ներդրվել են մասնակիցների` իրենց փոխկապակցված այլ մասնակիցների հետ տվյալ գնման ընթացակագին միաժամանակ մասնակցելու հնարավորությունը բացառող, մասնակիցների՝ իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաև գործընթացներում որոշումներ կայացնող պաշտոնյաների կողմից գնման մասնակիցների հետ շահերի բախման դեպքերի բացահայտման համակարգեր: Ապա՝ բարձրացվել  է գնումների համակարգի թափանցիկության աստիճանը, որի արդյունքում հրապարակվելու են մասնակիցների հայտերը և շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները, ինչը հանրությանը հնարավորություն է ընձեռում՝ գնահատելու դրանց արժանահավատությունը, իսկ անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերման դեպքում նախատեսվում են կիրառվել համապատասխան պատժամիջոցներ: Եվ վերջապես,  համակարգում իրականացվել են ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ուղղված են գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների հստակեցմանը, մրցակցության աստիճանի բարձրացմանը, էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնմանը և արտադատական բողոքարկման անկախ և գործունակ համակարգի ձևավորմանը:

Հանդիպման ավարտին նախարար Արամյանը նշեց, որ առաջիկայում ևս կկազմակերպվեն նմանատիպ այլ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն «հստակ և չափելի» առաջարկներ՝ միաժամանակ իր գոհունակությունը հայտնելով քննարկման մասնակից ՀԿ-ներին նախաձեռնությունների և համագործակցության համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ