26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ներկա է գտնվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կողմից կազմակերպված «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ողջույնի խոսքով:

Համաժողովը միտված է ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: Համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից երեսունից ավելի օտարերկրյա ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։

Հունվարի 25-27-ն անցկացվող միջոցառումների շարքը ներառում է նաև եռօրյա ցուցահանդես, որում ներկայացված են տեղական արտադրողներ և ոլորտի մասնագիտացված ընկերություններ: Ցուցահանդեսի կազմակերպիչների հավաստմամբ` միջոցառումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթացնելու ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության և ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արևային տեխնոլոգիաների նմուշներին և այս ոլորտում առաջարկվող ծառայություններին։

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը
Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման կապակցությամբ

 

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ես սիրով ողջունում եմ Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի մասնակիցներին, որն անցկացվում է «Էներգետիկայի շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում:

Էներգետիկայի բնագավառը, լինելով Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել: Այս ոլորտում տարվող աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան ծառայությունների մատուցմանը:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են համակարգային նշանակություն ունեցող բարձրավոլտ ենթակայանները: Այս բնագավառում շարունակական և հետևողական աշխատանքներ են տարվում նոր հզորություններ ստեղծելու, էլեկտրահաղորդման նոր գծեր կառուցելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ:

Տարածաշրջանային առումով արդյունավետ համագործակցում ենք մեր հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ: 2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր և փոխանակումներ, առևտրային այլ գործարքներ:

Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև: Այդ հանգամանքը լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից:

Երկարաժամկետ առումով «կանաչ» սկզբունքների վրա հիմնված տնտեսությունները ավելի հեռանկարային են և կայուն: Հենց այդ պատճառով այս բնագավառի զարգացման ռազմավարության համատեքստում հատկապես կարևորում ենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններով:

Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կիրառելով համաշխարհային լավագույն փորձը:

Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը: Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա:

Այսպիսով, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին և կառուցելու մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ:

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում՝ կառուցելով արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայաններ:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս համաժողովը շատ լավ հարթակ կարող է դառնալ՝ քննարկելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները և ներդրումային հնարավորությունները:

Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք և հաջողություն: Վստահ եմ, որ արդյունքները չեն հապաղելու:

Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ