Հանրապետության տարածք կներթափանցի նոր հզոր ցիկլոն
Հունվարի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 121 դեպքի: Մ. Ղազարյանը նշեց նաև, որ ծառայության մարզային ստորաբաժանումները ներկայացնում են 2016թ.-ի կատարված աշխատանքների ամփոփումը, արդեն 4 մարզում անցկացվել են հաշվետու նիստեր և այս շաբաթ նույնպես կշարունակվեն զեկույցները:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ 4 օրվա ընթացքում Երևան քաղաքի 58 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում թերությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Կազմված արձանագրությունների վերաբերյալ փետրվարի 1-ից կմեկնարկեն քննարկումներ, որոնց ընթացքում արդեն կորոշվի, թե ինչ վարչարարություն կիրականացվի:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Տնօրենը հայտնեց, որ հունվարի 25-ի երկրորդ կեսից հանրապետության տարածք կներթափանցի նոր՝ հզոր ցիկլոն, որի հետևանքով հունվարի 26-28-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն: Տեղումներն առավել հաճախակի կլինեն հունվարի 27-ին, իսկ ջերմաստիճանը կբարձրանա:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը նշեց, որ ակադեմիայում մեկնարկել է դպրոցների՝ տարրական և միջին դասարանների ուսուցիչների վերապատրաստումը:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և երեք մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքների մասին:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը հորդորեց ՓԾ տնօրենին խստագույնս հետևել մարզերում փրկարար ծառայության գործունեությանը՝ մասնավորապես հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության հենակետերի աշխատանքներին:
ԱԻՆ