Խոսրով Հարությունյանին ցուցակում լինելու առաջարկ չի արվել (տեսանյութ)
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով` ընտրություններին ընդառաջ ձևավորվող դաշինքները կարծես թե քաղաքական ամուսնություններ լինեն, որոնք ընտրություններից հետո ապահարզան են տալիս: «Շատ հաճախ այսպիսի բաներ լինում են, բայց մենք անցնում ենք կուսակցությունների, քաղաքական համակարգի կայացման ճանապարհով, իսկ այստեղ արդեն արդեն խոշորացում է պետք: Հույսով եմ, որ դրանք քաղաքական լուրջ կառույցներ կդառնան ու քաղաքական կյանքի վրա որակապես կազդեն»,-այսօր «Հենարան» ակումբում, խոսելով ընդդիմադիր դաշտում ձևավորվող դաշինքների մասին, ասաց Խ. Հարությունյանը:
Ինչ վերաբերում է իր ղեկավարած կուսակցությանն, ապա նա հայտնեց, որ իրենք առանձին չեն մասնակցելու ընտրություններին, շատ լավ գնահատում են իրենց հնարավորություններն ու կարողությունները, և որևէ ավելորդ հավակնություններ չունեն: «Կարող եմ ասել,, գոնե ես ենթադրում եմ, որ անցած տարիների ընթացքում մեր ու ՀՀԿ-ի համագործակցությունն անպտուղ չի եղել, ենթադրում եմ, որ այդ կարծիքին են նաև ՀՀԿ-ում, և միգուցե ձևավորվի համագործակցության միջավայր»,-հավելեց նա:
Հարցին, թե իրեն առաջարկ եղել է ցուցակում հայտնվելու, պատգամավորը պատասխանե. «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ում էլ որոշ հարցեր հստակեցնելու անհրաժեշտություն կա, և այդպիսի առաջարկ ես դեռ չեմ ստացել»: