Այդ հարցը չի քննարկվել
«Երկրապահ կամավորականների միությունում» չի քննարկվել Պաշտպանության նախկին նախարար, ԵԿՄ անդամ Սեյրան Օհանյանին կառույցից հեռացնելու հարցը: Այս մասին Henaran.am-ին ասաց ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը: «Նման հարց չկա, չի քննարկվել, և չկա նախադեպ, որ քաղաքական հայացքների համար որևէ մեկին հեռացրել են Երկրապահ կամավորականների միությունից»:
Նշենք, որ նախկին նախարարը մտնում է քաղաքական դաշտ: Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ որ դաշինքի կամ կուսակցության հետ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, բայց ամենայն հավանականությամբ նա կգործի ընդդիմադիր դաշտում:
Մամուլն այսօր գրել էր, որ առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-Ն քննարկի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը: ԵԿՄ ղեկավարությունը ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համարում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կարող է դեմ գնալ իշխանություններին` անձամբ Սերժ Սարգսյանին, կամ խոսել, քննադատել իշխանություններին հակառակ ճամբարից: Օրերս Աժ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Սեյրան Սարոյանը ևս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր սիրտը ցավում է, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր է դարձել: