28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որ աղոթքն է հաճելի Աստծուն

Սուրբ գրքում շատ է հիշվել աղոթքի շատախոսության «անպիտանիությունը»: Երկար խոսել չի նշանակում ժամերով աղոթել։ Ժամերով, օրերով աղոթելը ընդունելի է Տիրոջը, բայց շատախոսությունը, այսինքն՝ ավելորդ, անպետք խնդրանքներն ու զրույցները Աստծու համար տհաճ են: Մենք կարող ենք մի րոպե աղոթել, բայց շատախոս գտնվել ու վշտացնել Աստծուն: Հաճախ ասվել է, թե լռությունն էլ աղոթք է: Այսինքն՝ մարդ կարող է պարզապես հոգով, մտքով, ֆիզիկապես ներկայանալ Աստծուն, ու լուռ կանգնել Նրա առջև, մնալով հայրական սիրո մեջ: 

Մայր Թերեզային մի անգամ լրագրողը հարցնում է․

-Ի՞նչ եք ասում Տիրոջը, երբ աղոթում եք:
-Ոչինչ չեմ ասում, այլ միայն լսում եմ Նրան:
-Իսկ Աստված ի՞նչ է զրուցում ձեզ հետ,- նորից հարցնում է լրագրողը:
Աստված էլ լուռ ինձ է լսում,- պատասխանում է Մայր Թերեզան: Երկու միմյանց սիրողներ լուռ կանգնած են իրար առջև, բայց սրտով ահագին բան են ասում մեկմեկու ․․․

Երբ ես հավատքով մի քիչ չափահաս երիտասարդ դարձա, մի քանի քարոզներ լսեցի, աղոթք սովորեցի ու մի օր էլ հորս իմ կարծիքով այսպիսի բարեպաշտական մի անմեղ հարց տվեցի,- ասելով․

Հայրիկ, ինչո՞ւ դու աղոթքի ժամեր չունես․ գործդ մի քիչ թող՝ աղոթիր: Անպայման երկպագություն անելով ու խաչակնքելով։ Հայրս, որ ատաղձագործ էր, գետինը ծռած էր աշխատում՝ հարցրեց,- Երկրպագությունը, ինչպե՞ս է լինում: Մինչև գետին ծռելով, պատարագի ընթացքում երգում են և քահանաները հորդորում են սովորական տան մեջ էլ այդպես աղոթել,- պատասխանեցի:

Ես, տղաս, ամբողջ օրը գետնին ծռած եմ աշխատում, ամեն ժամ Աստծուց ուժ խնդրելով,․ մի՞թե սա երկրպագություն չէ ու ամեն րոպե: Աստված հիշելը աղոթք չի՞․ խաչ էլ եմ հանում, երբ ձեռքերս աշխատանքից պարապ են լինում: Իմ խաչը ուսիս՝ մեջքիս վրա է,- ասաց ու շարունակեց իր գործը: Այս աղոթքի մեծագույն դասն էր, որ ես կյանքիս մեջ առել եմ:

Զաքարիա քահանա Սարիբեկյան
Հոգևոր Հովիվ Սբ․ Աբգար Հայց․ Առաքելական եկեղեցու
Արիզոնա

«Թաքնված աղբյուրներ» գրքից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ