Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը Հրանտ Դինքին
Րաֆֆիի նամակը Հրանտին
Հավերժական հայրենակից,
Բոլորեց տասը տարին այն եղեռնաժամից, երբ թուրք չարագործը սառնասրտորեն քաշեց քո թիկունքին ուղղված զենքի ձգանը: Սակայն տասնամյա բացակայությունդ շատ ավելի ներկա կարելի է համարել, քան ոմանց ֆիզիկական ներկայությունը: Դա թերեւս նրանից է, որ սերմանածդ գաղափարների հունդերը այս ամբողջ ընթացքում պտղավորվեցին եւ շարունակում եմ պտղավորվել բյուրավոր սրտերում ու մտքերում: Իսկ 1996-ին քո հիմնադրած երկլեզու «Ակօս» պարբերաթերթը նպատակ ուներ դառնալու եւ դարձավ թրքահայության խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ երկու ժողովուրդների միջեւ:
Ողբերգականորեն ավարտված քո երկրային կյանքի իմաստը ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը, փոքրամասնությունների իրավունքներին եւ, հատկապես, Հայկական հարցին առնչվող խնդիրների արծարծումն էր մի երկրում, որտեղ երբեք չեն խախտվում ընդունված տաբուները: Դու մարտահրավեր նետեցիր պատմության աղճատված շարադրանքին, խիզախեցիր ծառայել իբրեւ կամուրջ հայերի ու թուրքերի միջեւ` երբեմն արգահատանքի թիրախ դառնալով երկու կողմից էլ: Բայց դա քեզ չվհատեցրեց, քանի որ քո հոգում խորն էր անթեղված Հայրենիքի նվիրական գաղափարը: Հայրենիք, որը բոլոր հայերին է պատկանում` իր ամեն մի թիզ հողով:
Քո մահը կոտրեց արգելված թեմաների բոլոր կարծրատիպերը` բեկումնային կետ դառնալով թուրքական հանրության մեջ եւ, առավելապես մտավորականության շրջանակներում, խթանեց Հայոց ցեղասպանությանն առերեսվելու, այդ օրակարգը քննարկելու մղումները: Իշխանությունների հալածանքներին ի տրիտուր` չլքեցիր պապենական օջախդ, որովհետեւ «դժոխքի կրակները» թողած` «պատրաստի դրախտում» հանգրվանելը հարիր չէր քո հիմնէությանը, մարտնչողի քո բնույթին: Որովհետեւ աստվածատուր առաքելությունդ «դժոխքը» «դրախտի» վերածելն էր:
Այդպես էիր 2007-ի չարաբաստիկ հունվարի 19-ին ինքդ բանաձեւել քո հավատո հանգանակը վերջին հոդվածիդ մեջ, որը վերնագրված էր` «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման»: Համոզմունք էիր հայտնում, որ ապրածդ հասարակության մեջ մարդիկ աղավնիների վրա չեն կրակում: Բայց հենց նույն օրը թուրք ազգայնականի արձակած գնդակը խոցեց մարդկության ցավերն ու մտահոգություններն իր մեջ ամբարած, բարությամբ ու արդարամտությամբ տրոփող սիրտդ:
Փա´ռք քո ազգանվեր գործին, քո բարի անվանը, որոնք կապրեն դարեդար, սիրելի Հրանտ:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար
«Ժառանգություն» կուսակցության նախագահ
Երեւան