Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը տեղափոխվելու է Տավուշի մարզ
«Բանակը պետք է բացի իր հնարավորությունները, ուժը, կարողությունը վացի հասարակության լայն խնդիրների առաջև: Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, կրթություն…այդ բոլոր ոլորտները կարող են բանակի միջոցով դառնալ ավելի արդյունավետ ու ներգրավող հասարակության համար»,-«Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նկատեց, որ բանակի մատակարարման հետ կապված խնդիրներ ունեն: «Այսօր փորձում ենք բաց ու թափանցիկ աշխատել մեր բոլոր գործընկերների հետ»,-նկատել է նա:
Անդրադառնալով Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին՝ Վիգեն Սարգսյանն ասել է, որ իր նպատակն է այն դարձնել երկրի լավագույն ուսումնական հաստատությունը: Նախարարն ասել է, որ ռազմամարզական վարժարանը զարգացնելու գաղափարը քննարկվել է հանրապետության նախագահի և վարչապետի հետ.
«Սեպտեմբերի 1-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ունենալու է նոր պայմաններ: Այն ունենալու է լողավազաններ, թենիսի կորտեր, ուսումնական լավագույն բազա, լավագույն մանկավարժների թիմ և հնարավորություն է տալու 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում սովորող ցանկացած հայ երիտասարդի դիմել, ընդունվել և ստանալ անվճար լավագույն կրթությունը մեր երկրում: Ես վստահ եմ, որ սա պետք է շատ ոգևորի մեր տղաներին, նաև նրանց ծնողներին»,- հույս է հայտնել Վիգեն Սարգսյանը:
«Մենք քննարկում ենք և ուսումնասիրում ենք հնարավորություններն այն հայտնի ուսումնական կենտրոնի, որը ժամանակին կառուցեց Պետական եկամուտների կոմիտեն, այնուհետև կառավարության որոշմամբ այն փոխանցեց Պետական գույքի կառավարման վարչությանը: Ես խնդրել եմ հանրապետության Նախագահին և վարչապետին՝ քննարկել այդ հաստատությունը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին փոխանցելու հարցը»,-հավելել է Պաշտպանության նախարարը: