27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը նոր տարանցման ուղի դառնալու հնարավորություն է ձեռք բերում

Իրանի կողմից մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանություններին տարբեր ձևաչափերով ակնարկներ և առաջարկություններ են արվել էներգետիկ և տրանսպորտային տարանցման նշանակության ռազմավարական նախագծերի շուրջ համագործակցության վերաբերյալ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռոհանին, Հայաստան այցի ժամանակ, հայտարարեց, որ «Հայաստանի աշխարհագրական և Իրանի աշխարհագրական դիրքերը ևս չափազանց կարևոր են, ու երկու երկրները կարող են ունենալ տարանցիկ միջանցք, Հյուսիս-Հարավ առանցքում»: Պատահական չէր, որ այդ այցելության ժամանակ, Իրանի նախագահի և վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ, անդրադարձ է եղել նաև տարանցիկ փոխադրումների գործընթացի պարզեցման, ինչպես նաև այդ ենթատեքստում Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցության վերաբերյալ: Սակայն, ընդամենը մի քանի որ առաջ տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և Հայաստանում Իրանի ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանների եռակողմ հանդիպումը, որտեղ կարելի է ասել, որ նոր և հետաքրքիր երանգներ են ի հայտ գալիս ոչ միայն հայ-իրանա-թուրքմենական երկկողմ և եռակողմ հարաբերություններում, այլ նաև Արևելք-

Արևմուտք տարանցման սխեմաներում Հայաստանի ընդգրկման հնարավորություններում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով արդեն գործում են Արևելք-Արեւմուտքի համակարգում գտնվող տարանցիկ նշանակության էներգետիկ խողովակաշարեր, ինչպես նաև տրանսպորտային ուղիներ։ Այս հանդիպումը նախևառաջ ենթադրում է Ռոհանիի և մեր իշխանությունների որոշակի պայմանավորվածությունների իրականացման գործընթացի սկիզբ, որտեղ իր կարևոր մասնակցությունը պետք է ունենա նաև Թուրքմենստանը, որը բնականաբար համաձայնեցված է այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Եվ երկրորդ, Իրանը բացի Հյուսիս-Հարավ ուղղությամբ, Հայաստանին տարանցիկ երկիր է տեսնում նաև Արևելք-Արևմուտք ուղղությամբ:

Այսօր Իրանը ձգտում է դառնալ տարանցման լուրջ հանգույց տարածաշրջանում, դառնալով կապող օղակ Հյուսիս-Հարավ (Հնդկաստան-Իրան-Ռուսաստան-Բալթյան երկրներ) և Արևելք-Արևմուտք (Չինաստան-Կենտրոնական Ասիա-Իրան-ԵՄ) տարանցման հոսքային սխեմաներում (էներգակիրների խողովակաշարեր, երկաթգիծ և ավտորտրանսպորտային ուղիներ): Անշուշտ դրական է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երեք երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը և Իրանի տարածքով դեպի Թուրքմենստան, ապա Կենտրոնական Ասիայի երկրներ Հայաստանի մուտք գործելու հնարավորությունների մեծացմանը:

Դա նշանակում է, որ Հայաստանի համար բեռնափոխադրումների հնարավորությունը Իրանի տարածքով ավելի է հեշտանալու: Այս եռակողմ հանդիպումը ենթադրում է Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքի կայացում, որը անշուշտ Արևելք-Արևմուտք միջանցքի մի կարևոր ուղղություններից մեկը կարող է լինել: Այսինքն, Հայաստանը Արևելք-Արևմուտք միջանցքում կարող է տարանցիկ երկրի դեր ստանձնել, ինչպիսին Վրաստանը ունի այդ ծրագրերում, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջանցքով: Հայաստանում Ռոհանի ելույթից հետո, որտեղ հատկապես կարևորվում էր Հայաստանի դերը Հյուսիս-Հարավ առանցքում, դեսպանների հետ այս հանդիպումը ենթադրում է, որ նոր ուրվագծեր են նշմարվում, որտեղ Հայաստանին նոր կարևորություն է տրվում տարածաշրջանում, նաև Արևելք-Արևմուտք ուղղությամբ:

Սակայն, կարծում եմ, որ Արևելք-Արևմուտք ուղղությունը ավելի կենսունակ և հեռանկարային կարող է լինել, քան Հյուսիս-Հարավը: Իհարկե, այստեղ դեռ շատ ճանապարհ կա անցնելու՝ որոշ գերտերությունների շահերը կարող են նպաստող կամ խանգարող գործոններ լինել Հայաստանի համար այս տարանցման սխեմաներում: Սակայն, այս հոսքերում Հայաստանի ներկայությունը կարող է կայանալ միմիայն երկու դեպքում՝ երբ Հայաստանը ինքնուրույն և հնարավորինս անկախ իրականացնի իր արտաքին և ներքին քաղաքականությունը և կարողանա իր տարանցման բոլոր ուղիները բերել գործուն և ժամանակակից վիճակի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ