«Իրանք իրանց դատեցին, իրանք իրանց ինչղ ուզեցին, գործը փակեցին»… 2 տարի անց Ավետիսյանների տան դուռը նորից բացվեց (ֆոտո)
2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ դաժան և ողբերգական սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը՝ Սերյոժա Ավետիսյան, Հասմիկ Ավետիսյան, Աիդա Ավետիսյան, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի փոքրիկը՝ 6-ամսական Սերյոժան, դեպքից մեկ շաբաթ անց հիվանդանոցում մահացավ:
Երկու տարի առաջ այս օրը ժամեր շարունակ մարդաշատ էր Գյումրիի Մյասնիկյան 188 տան մոտակայքը: Ծանոթ ու անծանոթ գալիս էին տեղեկանալու, թե ովքեր են Ավետիսյանները, ինչու են սպանել: Այս հարցը մինչ այժմ տանջում է ոչ միայն հարազատներին, նաև բոլոր գյումրեցիներին:
Դեպքից երկու տարի անց Ավետիսյանների տան՝ Մյասնիկյան 188 տան դարպասը այլ գույն ուներ: Հիշողությունները ջնջելու, թե այլ նպատակով, հստակ չէր:
Հարազատներ եկան, կողպված դարպասը բացվեց: Բոլորը լուռ էին: Բացվեց նաև Ավետիսյանների տան դուռը:
Տան պատերին դեռ կարելի էր տեսնել երկու տարի առաջվա ամանորյա զարդարանքը: Որոշ բաներ փոխվել էր, արյան հետքերը, կահույքի մի մասն ու մահճակալները չկային, որտեղ ոստիկանության աշխատակիցները գտել էին Ավետիսյանների դիակները:
Դատարկության, սարսափի ու ցավի մթնոլորտ էր տիրում, որ խեղդում էր, շնչահեղձ անում հյուր եկած հարազատներին ու լրագրողներին: Մի բան միանգամից աչք զարնեց: Մահվան սարսափ տեսած տունը ինքն էլ չէր դիմանում այդ ցավին ու սկսել էր խարխլվել, քայքայվել էր տան հատակը:
Ընտանիքի հարազատները չկարողացան զսպել արցունքները: Հարազատները չկարողացան զսպել լացը, տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույրը ՝ Ռիտա Պետրոսյանը, ողբալ ու ասել, որ մեր երկրում չկա արդարադատություն:
Հիշեցնենք, որ ընտանիքի սպանության համար մեղադրվեց Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Դատական նիստերը տեղի ունեցան ռազմաբազայի տարածքում: Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմաh ազատազրկման: Ավետիսյանների հարազատները մինչ օրս էլ չեն հավատում դատարանում հնչած սպանության վարկածին՝ դատական նիստերի ընթացքում Պերմյակովն ասել էր, թե որոշել էր ռազմաբազայից դիմել փախուստի, հայ-թուրքական սահմանով հեռանալ, իրեն գումար էր անհրաժեշտ և զենքով մտել էր Ավետիսյանների բնակարան: Պերմյակովն իր ցուցմունքներում հայտնել էր, որ միայնակ է եղել, ընտանիքի անդամներին մենակ է սպանել:
Այն հարցին, թե որոշ մանրամասներ, ինքնուրույն գոնե կարողացել են պարզել, վարկածներ ունեն տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույր Ռիտա Պետրոսյանը պատասխանեց. <<Ըսիկ սաղ պայմանավորված գործ էր, բոլորիս էլ հայտնի է, որ Պերմյակովը մենակ չի եղել, սաղ աշխարհը գիտե, քաղաքական հարցեր կա, տկնթաղ արեցին գործը գնաց: Բայց ինչի? քրոջս ընտանիքը: Որովհետև գիտեն որ թիկունք չունին, ձեն հանող չի եղնի, մենք էլ հոգնանք պայքարելուց, մենք խո չենք կռնա դատարանի դուռը նստինք տարիներով>> :
Ռիտա Պետրոսյանը նաև հավելեց. <<Նախապես որոշել էին, հայ ընտանքի , մեծ ընտանիքի սպանել, օր ցավ պատճառեր, էդ ազգին, թե? ռուս ու հայը խառնելու համար էր, թե ուրիշ բան, չիդեմ, բայց դե Ամերիկայի մատն էր խառը, թե Թուրքիայի ղեկավարները գիտեն, մենք չիդենք: Իրանք իրանց դատեցին, իրանք իրանց ինչղ ուզեցին փակեցին, էս ընտանիքի տունն էլ էսպես սև քարով փակվավ պրծավ: Ոչ մի փոխահատուցում չի տրվել, կողքերից էլ կխոսան թե մորքուրներին են տվել, իրանք սաղ կերան>>:
Տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույր Ջուլիետա Ջալալյանը արցունքն աչքերին ասաց. << Փորձաքննության ժամանակ պարզվեց, որ արյան հետքեր կային Պերմյակովի շապիկի վրա, որոնք չէին համապատասխանում ոչ Պեմյակովի, ոչ տան անդամների արյան նմուշներին, դա մեկ: Երկրորդը՝ եթե Պերմյակովը թողել էր իր համազգեստը, էլ ի՞նչ կարիք կար, որ ինքը ջնջեր ավտոմատի վրայի հետքերը…Մենք անձամբ նայեցինք Պերմյակովի անունից թողած սապոգները, դրանցով անգամ չէին քայլել, հնարավո՞ր է զինվորականը քայլի, նույնիսկ մի քարի կտոր չմնա սապոգի տակ: Ուրեմն դա նախապես պայմանավորված, երկու-երեք տարի պլանավորված սպանություն էր: Թեև մեր պետության ղեկավարները լավ էլ գիտեն, էնպես արեցին, որ մենք թողնենք ու գնանք Հայաստանից ու գնացինք: Հիմա Ռուսաստանի Դաշնությունում ենք ապրում: Արդարադատություն այդպես էլ չտեսանք>>:
Ավետիսյանների ընտանիքի հարազատները անիծում էին սպանություն կատարողներին, նաև իշխանություններին, որ այդքան հետևողական չեղան այս գործին, աչք փակեցին ու բազմաթիվ հարցականներով գործը փակեցին: Բայց շարունակելու են պայքարել ու Եվրոդատարան են դիմելու, մինչ հասնեն արդարադատության: