Իրավիճակը կփոխվի. Լ. Զուրաբյան
«Միանշանակ 2016 թվականի գլխավոր իրադարձությունն ապրիլյան պատերազմն էր, որը շատ իրողություններ ու ճշմարտություններ բավական լայն զանգվածի համար ըմբռնելի դարձրեց: Ամենակարևորն այն է, որ այն, ինչի մասին մենք վաղուց խոսում էինք, ակնհայտ դարձավ, այն է, որ մենք գտնվում ենք շատ խոցելի վիճակում, որ խնդրի չկարգավորվածությունը լուրջ խնդրներ է ստեղծում, որ իշխանական համակարգի կոռումպացվածությունն ազգային անվտանգության սպառնալիք է, որ առանց արմատական փոփոխությունների մեր պետական համակարգի մեջ չենք կարողանա ապահովել ոչ միայն զարգացում, այլև չենք կարողանա ապահովել անվտանգության տարրական պահանջներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում, ամփոփելով նախորդ տարին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Մյուս կարևոր իրադարձությունը նա որակեց նոր Ընտրական օրենսգիրքը: Ըստ նրա՝ այս ամբողջ գործընթացը հնարավոր դարձավ այն պատճառով, որ 2015 թվականին ակնհայտ կեղծված Սահմանադրական հանրաքվեից հետո ժողովրդի ու միջազգային հանրության մոտ մեծ դժգոհություն հավաքվեց: «Բոլորի համար ակնհայտ էր, որ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները հիմնովին շրջվել են, հռչակվել է մի արդյունք, որը ժողովրդի իրական կամաարտահայտության հակառակ պատկերն է: Այս դժգոհությանը պետք էր լուծում տալ, բնականաբար, մենք չէինք կարող այս դժգոհությունից չօգտվել, մենք կազմակերպեցինք մի գործընթաց, համախմբեցինք ամբողջ ընդդիմությանը, կոնսոլիդացրեցինք քաղաքացիական հասարակությանը և միասին մշակեցինք 5 առաջարկներ ԸՕ-ի վերափոխման ուղղությամբ»,-նկատեց նա: «Ես չեմ ցանկանում ասել, որ այդ փոփոխություններով՝ տեսախցիկների տեղադրում և այլն, բոլոր հարցերը լուծվում են, բայց գոնե, եթե այս ամենն իրականացվի, իսկ ես վստահ եմ, որ կռվով, թե դավով, միևնույն է, իրականացվելու է, կբացառվի ուրիշի փոխարեն քվեարկությունը և ընտրակեղծարարությունը մատյաններում, ինչը նշանակում է՝ ընտրակեղծարարության դաշտը սահմանափակվելու է ընտրակաշառքով և ադմինիստրատիվ ռեսուրոսով»,-հավելեց ՀԱԿ պատգամավորը:
Հարցին, թե կարծում է, որ ընտրակեղծիքը լինելու է ընտրատեղամասերից դուրս, նա պատասխանեց. «Ընտրողը լինելու է կենդանի ընտրող, կբացառվեն մեռյալների ու բացակաների փոխարեն քվեարկելը, բայց թե ինչպե՞ս են ազդելու այդ կենդանի ընտրողների վրա, դա արդեն մեկ այլ հարց է, ինչը մենք օրենսդրական դաշտով չենք կարող կարգավորել: Սրա դեմն էլ պետք է կռիվ տանք, թեև, անհավասար պայքար է, բայց բացում է շանսեր քաղաքական ուժերի համար: Եթե քաղաքական ուժերը կարողանան հստակ ուղերձներով հանդես գալ ընտրապայքարում, եթե ժողովրդին կարող են բերել իրենց կողմը, քաղաքականացնել իրենց պայքարը, ցույց տալ, որ նոր Սահմանադրությամբ ԱԺ ընտրություններն ավելի կարևոր են, քան նախագահականը հին Սահմանադրությամբ, այս դեպքում հնարավոր կլինի հաղթել ընտրակաշառքի և ադմինսիտրատիվ ռեսուրսի ազդեցությանը»:
Դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության կաշառք բաժանելու ռեսուրսն էլ X տեղում սահմանափակվում է, և ընտրություններին հասարակության պասիվ հատվածը համարվում է ընդդիմության ընտրազանգվածը, և տեսակետ կա, թե ընդդիմությունը չի կարողանում մոտիվացնել հասարակությանը, արդյոք այսօր ընդդիմությունն ունի՞ մարդկանց ընտրության տանելու ռեսուրս, Լ. Զուրաբյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ ՏԻՄ ընտրությունները որպես օրինակ չի կարելի բերել, որովհետև ՏԻՄ ընտրությունները ժողովրդի կողմից երբեք չեն ընկալվել որպես իշխանափոխության ընտրություններ: Անկախությունից ի վեր միայն նախագահական ընտրություններն են, որ ժողովրդի կողմից ընկալվել են իշխանափոխություն անելու հնարավորություն, դրա համար էլ ամենաթեժ պայքարը եղել է նախագահական ընտրություններից հետո:
ՏԻՄ ընտրությունների ժամանակ ժողովուրդը, հասկանալով, որ իշխանափոխության հարց չի լուծվում, ավելի շատ գնում է նյութական շահի հետևից, քանի որ ընտրություններին վերաբերում է որպես կլանային, մաֆիոզ մի պայքարի: Այս Սահմանադրությամբ ամբողջ իշխանությունը որոշվում է զուտ ԱԺ ընտրություններով, և մենք մեր ժողովրդին կհասցնենք այս ճշմարտությունը, որ այս ընտրություններն են ձևավորելու իշխանությունը: Ընդդիմությունն այսպիսի կիսաավտորիտար պետություններում, ինչպիսին է Հայաստանը, չի էլ կարող իրեն ուժեղ դրսևորել ընտրությունների միջև ընկած ժամանակաշրջանում, իսկ այն, ինչ մենք կարողացել ենք անել՝ հզոր հանրահավաքներ և այլն, արդեն իսկ հրաշք է: Ընդդիմության ու քաղաքական ուժերի սնունդը ընտրություններն ու հանրաքվեներն են, որոնք թույլ են տալիս քաղաքական ուժերին օգտվել նաև օրենքի հնարավորություններից: Բոլոր նրանք, ովքեր այսօրվա քաղաքական վիճակը փորձում են տարածել ընտրական ժամանակահատվածի վրա, չարաչար սխալվում են, իրավիճակը կփոխվի»: