26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ակտիվ ու թեժ…անցնող տարին՝ խորհրդարանում

5-րդ գումարման Ազգային ժողովը դեռևս դեկտեմբերի սկզբին ավարտեց բնականոն աշխատանքն ու հերթական նստաշրջանը, սակայն այս տարի աշխատանքներն ընթանում էին մինչև դեկտեմբերի վերջ: Արտահերթ մի քանի նիստեր, բազում նախագծեր: Այսպիսին էր տարին խորհրդարանի համար: Henaran.am-ն այսօր ամփոփում է Ազգային ժողովի 2016 թվականի աշխատանքը, անդրադարձ կկատարենք առավել կարևոր ու աղմկահարույց նախագծերին:

Իհարկե, մի շարք նախագծեր են քննարկվել ու ընդունվել պատգամավորների կողմից, բազում հնչեղ ելույթներ են եղել, բանավեճեր, կռիվներ են եղել նույնիսկ, ընդդիմադիրները, ինչպես միշտ նախագծերի մեծամասնությանը դեմ արտահայտվել, իսկ մեծամասնությունն էլ ամեն ինչ արել է, որ իր բերած նախագծերն ընդունվեն:

Նախ հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ, և այդուհետ կունենանք խորհրդարանական կառավարման համակարգ, այլ բնույթի օրենսդիր մարմին, այլ ձևաչափով ու, իշխանության հավաստմամբ, ավելի արդյունավետ կազմոմ: Խորհրդարանի աշխատանքն էլ այլ կերպ է լինելու: Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում: Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանների տևողությունները և հերթական նիստերը աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կլինի: Երկուշաբթի օրը կլինի խորհդրի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում է և ձևավորում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո երեքշաբթի օրն առավոտյան 10: 00-ից սկսում են մեր հերթական նիստերը, մինչև 18:00: Կարող են նիստերը շարունակվել օրակագրի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Խոսելով ընտրություններից՝ չենք մոռանում նոր Ընտրական օրենսգիրքը շուտով իրականություն է դառնալու: Երկար ժամանակ ընդդիմության պահանջին, ի վերջո, ականջալուր դարձավ իշխանությունը, Կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը: Ստորագրվեց «պատմական» համաձայնագիր, և արդյունքում ունենք Ընտրական նոր օրենսգիրքը:

Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծով ամրագրված դրույթներով մեկից ավելի անգամ քվեարկելը բացառելու ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրվել, մասնավորապես` ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրողների գրանցման փուլի կանոնակարգումները։ Նշված բոլոր գործառույթներն իրականացվում են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար բաց եւ վերահսկելի պայմաններում։ Նոր ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ձեւավորմանը։ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից։

ՀՀ տարածքը  բաժանվում է 13 ընտրական տարածքների` յուրաքանչյուր մարզ ներկայացնում է մեկ տարածք, իսկ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը դիտարկվում են համատեղ մեկ տարածք, Երեւան քաղաքը բաժանվում է 4 տարածքների։ Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ եւ մեկական տարածքային ընտրական ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թեկնածուներ եւ ձեւավորում կուսակցության ընտրական ցուցակներ։ Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում  իրավունք ունի առաջարկելու թեկնածուներ, ընդ որում նախատեսվում է առաջարկել առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 10.000 ընտրողի հաշվարկով մեկ  թեկնածու։

Համապետական  ընտրական ցուցակը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը ընդհանուր կուսակցության ընտրական ցուցակն է, որում պետք է ընդգրկված լինեն թեկնածուներ բոլոր տարածքներից, ինչպես նաեւ կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք։ Յուրաքանչյուր ցուցակ պետք է ունենա փոքր հատված` երկրորդ մաս,  որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին։

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների նախագիծը բավական բուռն արձագանք գտավ և ընդդիմության, և իշխանության, և հասարակության կողմից: չնչին չափով նվազում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից դառնալով 23 տոկոս: Փոխարենը՝ 120.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում ներկայիս 26 տոկոսը կաճի՝ տատանվելով 28-ից 33 միջակայքում:Փաստաթղթի դրույթներից մեկով՝ 40 միլիոն և ավելի շրջանառության ունեցող ընկերությունը ընկնում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկի տակ, մինչդեռ գործող օրենքով դա տարածվում է տարեկան 115 միլիոն դրամի չափով շրջանառություն ունեցողների վրա:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ նոր Կառավարության ծրագիրը, բյուջեն ևս ընդունվեցին խորհրդարանի կողմից ոչ բավականությամբ: Ընդդիմադիրները պահանջում էին աշխատավարձերի բարձրացում, աշխատատեղերի ավելացում ընդգրկել բյուջեում, սակայն Կառավարությունը հիմնավորեց, որ դրա համար անհրաժեշտ չափով բյուջե չկա: Նոր Կառավարության առաջին առաջարկը օպտիմալացումն էր, որով Քաղաքաշինության նախարարությունը դարձավ կոմիտե, իսկ 3 նախարարություններ վերանվանվեցին:

Մյուս կարևորագույն նախագիծը, որ ներկայացվեց Կառավարության կողմից, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծն էր: Սա, իհարկե, դարձավ քննարկման ու քննադատությունների նոր առիթ: Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատողից 1000-ական դրամ գանձել, գումարը հիմնադրամում պիտի կուտակվի և տրամադրվի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողներին կամ մահացած զինծառայողների ընտանիքներին: Ընդդիմությունը սա որակեց որպես մուրացկանություն, ամոթ տվեց, սակայն Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, իշխանությունը հայտարարեցին, որ սա անհրաժեշտություն է, և այս նախագիծը տեղավորվում է ազգ-բանակ կոնցեպտում:

Տարեվերջին քննարկման դրվեց ու ամբողջությամբ ընդունվեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը, որը, թերևս, գոհունակությամբ ընդունվեց բոլորի կողմից, միայն թե ընդդիմադիրներն առաջարկում էին գործարկել հետադարձ ուժ, այսինքն՝ որ օրենքը կիրառվեր նաև նախկինում ապօրինի հարստացած պաշտոնյաների վրա, սակայն դա մերժվեց:

Հասարակության համար ուշադրության արժանի էր նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կվերանա Ճանապարհային ոստիկանությունը, նրան կփոխարինի պարեկային ծառայություն, որը կզբաղվի և ճանապարհային ոստիկանությունով, և հասարակական կարգի ապահովմամբ:

Հիշեցնենք նաև, որ խորհրդարանն այսօր տարի նշանակեց Մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանին և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

 

Սերինե Գաբրիելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ