Վերջապես Գյումրի հասավ 23 միլիոն եվրոն․ միայն կենտրոնական փողոցներից մի քանիսը կհիմնանորոգվեն
ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրիի քաղաքապետարանի միջև ստորագրվեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին Գյումրիում՝ ՀՀ ֆինանասների նախարարն ու Գյումրիի քաղաքապետը:
Ծրագիրն իրացվելու է 3 տարում՝ 3 փուլով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Վարկային մասը մարվելու է տարիների ընթացքում: Առաջիկա երեք տարիների ընթացքում մարվելու են միայն տոկոսներ, որը վճարելու է Գյումրիի քաղաքապետարանը: Ընդհանուր քաղաքում վարկային այս գումարով նախատեսվում է վերականգնել մոտ 16 կմ ճանապարհ: Ծրագիրը, բացի փողոցների վերականգման աշխատանքերից, ներառում է նաև խնայողական լամպերի տեղադրում, լուսակետերի ավելացում, ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, մայթերի բարեկարգում:
Արդեն նախատեսված է, որ 16 կիլոմետր փողոցների հիմնանորոգումը պետք է բավարարի որոշակի չափորոշիչների, մասնավորապես, ասֆալտաշերտը պետք է լինի մոտ 20 սմ, բայց Սամվել Բալասանյանը նորից ֆինանսների նախարարին ներկայացրեց իր ծրագիրը. << Ես կարծում եմ, որ եթե մենք ասֆալտի շերտը պակասեցնենք, կկարողանանք ավելի շատ փողոցներ բարեկարգել, 12 սմ հաստությամբ ասֆալտաշերտով կկարողանանք 22 կմ ասֆալտապատել>>:
Այս առաջարկը դեռ քննարկվելու է, խորհրդատուների մրցույթը առաջիկայում է ու միայն մասնագիտական եզրակացությունները թույլ կտան փոխել ճանապարհաշինարարական չափորոշիչները: «Կարծում եմ, որ այս ծրագիրը, որ պետք է իրականցնենք, էապես կփոխի Գյումրու դեմքը ու մենք կարող ենք մասնավորին շահագրգռել, որ ծրագրեր անի Գյումրիում: Սա համատեղ ու միասնական ծրագիր է, որ մենք քաղաքապետարանի հետ ջանք ենք թափելու, որ արդյունավետ լինի»,- իր խոսքում նշեց ՀՀ ֆինանսների նախարարը:
Նշենք, որ այս գումարով կասֆալտապատվի միայն Գյումրիի կենտրոնական փողոցների մի մասը միայն: իսկ մյուսները նորից կմնան անմխիթար վիճակում, չհաշված երկրորդական փողոցները, որտեղ անձրևային եղանակին ավտոմեքենայով ու ոտքով հնարավոր չէ անցնել: