Նախագահի ամենամեծ նվերը մրցող 8 քաղաքներից միայն մեկին է բաժին հասել
«Լավագույն քաղաքային մարզական համայնք» ՀՀ նախագահի այս մրցանակին արժանացել է Գյումրին:
Մրցանակին արժանանալու համար կարևոր նախապայման են ոչ միայն տարբեր առաջնությունների ու խաղերի ոսկե մեդալակիր մարզիկների թիվը, այլ մարզադպրոցների վիճակը, նրանց աշխատանքը տարվա ընթացքում:
ՀՀ նախագահն էլ որոշել է 1,5 միլիոն դրամ նվիրել Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընթացքում Հայաստանի դրոշի պատիվը բարձր պահած քաղաքին: 2016թ-ին Գյումրիից 101 մարզիկներ մասնակցել են Օլիմպիական խաղերին, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, որոնցից 52 նվաճել են մեդալներ՝ 9 ոսկի, 22 արծաթ, 21 բրոնզ: Քաղաքապետարանն էլ որոշել է հատկացված գումարով 4 մարզադպրոցների անհրաժեշտ գույք ձեռք բերել, իսկ 4 մարզադպրոցների էլ նվիրեցին համակարգիչներ: Ինչպես նշեց, քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ՝ Մեխակ Ղազարյանը, գումարը մի փոքր թեթևացրեց հոգսը, բայց բավարար չէ, իհարկե, լուծել մեզ համար հրատապ դարձած Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի վիճակը, Բայց արդեն Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը խոստացել են վերանորոգել դպրոցը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց. «Արդեն երեք տարի է դպրոցը մտել է ծրագիր, բայց բյուջեն քիչ է հավաքվում ու հենց այդ մասից են կրճատում ծախսերը: Հույս ունենք, որ այս տարի գոնե կկարողանանք նորոգել. Մեզ համար նաև կարևոր է Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցը: Դպրոցի շենքը կառուցվել է մոտ 4 տարի առաջ, բայց ներքին հարդարման աշխատանքները մնացել են»:
Քաղաքապետը նաև նշեց, որ ինքը շատ քիչ գումար է տալիս սպորտին, բայց տնօրենները ընկեր-բարեկամների օգնությամբ հարցեր կարողանում են լուծել:
Իսկ Սամվել Բալասանյանի համար կարևորը սպորտային պալատ ունենալն է, որը ինչպես նշեց սպորտի վարչության պետը դեռ խորհրդային տարիներից երազանք է մնացել:Եթե միջոցներ լինեն ու կառուցվի սպորտային պալատը, այն կլինի Մայր Հայաստանի տարածքում:
Նշենք, որ մոտ 4 տարի առաջ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը ոգևորված էր մեկ այլ գաղափարով՝ Գյումրիում Սպորտ Սիթի կառուցել: Այս միտքը, նախագծերն ու հեռանկարները առաջարկել էր քաղաքապետին Նովոսիբիրսկում բնակվող գյումրեցի գործարար Հրանտ Պետրոսյանը: Սամվել Բալասանյանը հող հատկացրեց, բայց այս ծրագիրը մնաց չիրագործված ու դեռ քաղաքապետարանում սպասում են ծրագրի հեղինակին: