Գնդակոծությունից հետո համայնքում մինչ օրս մանկապարտեզ չկա
«Արենի համայնքում առկա խնդիրներից թերևս կարևորագույնն այն է, որ մեր համայնքում չկա մանկապարտեզ: Այն գնդակոծվել է 1992 թվականին: 2012 թվականին մանկապարտեզի կառուցման համար հողահատկացում է արվել, արդեն նախագիծը կա, տարածքում հոսանք ենք քաշել: Այսպես՝ գյուղապետարանի կողմից ներդրումն արվել է: Հուսանք՝ առաջիկանում մեր համայնքը մանկապարտեզ կունենա», –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը:
Վերջինս շեշտեց՝ համայնքն ապրում է իր առօրյա հոգսերով, սոցիալական ընդգծված պրոբլենմեր չկան, բայց մի խնդիր էլ կա, որն անհանգստանում է արենցիներին. համայքում բնական գազ չկա:
«Օրեր առաջ վարչապետը մեր մարզում էր: Գազաֆիկացման վերաբերյալ հարց բարձրացվեց: Պետք է նշեմ, որ մենք ստացանք լավատեսական ու դրական պատասխան: Լիահույս ենք, որ մոտ ապագայում գազաֆիկացման հարցն էլ կլուծվի: Ավելացնեմ, որ այդ խնդիրն առկա է ոչ միայն մեր համայնքում, այլև հարևան համայնքերում: Այնպես որ՝ այս հարցին պետք է տրվի համակարգային լուծում», – նշեց համայնքապետը: