Արտահանումը երկնիշ աճում է
2016-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:
Ըստ ԱՎԾ-ի, աճ է արձանագրվել արդյունաբերությունում եւ ծառայությունների ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,8 տոկոսով, ծառայություններինը՝ 7,8 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 6,1 տոկոսով եւ շինարարությունում՝ 10,9 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2016-ի հունվար-նոյեմբերին 2015-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ աճել է 8 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 576 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 621 մլն դոլար, աճելով 21,2 տոկոսով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 954 մլն դոլար, աճելով 2 տոկոսով։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 333 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2016-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով, բարձրացել է 2 տոկոսով եւ կազմել 184 796 դրամ, մասնավոր հատվածում` 218 173 դրամ, աճելով 4,4 տոկոսով, պետականում` 159 413 դրամ, նվազելով 1,2 տոկոսով։ Տեղեկացնենք, որ միջին աշխատավաձի ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը: