27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շահագործման է հանձնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհը

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում և Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս են կազմում: Իրականացվող աշխատանքի հիմնական նպատակն է, քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևանի կենտրոնը:

Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրականացման շնորհիվ, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն ամբողջությամբ իր վրա կվերցնի հարավից դեպի մայրաքաղաք եկող և հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը:

Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված վերոնշյալ ճանապարհի երկարությունը 5 կմ է, միջին լայնությունը՝ 24-28 մ: Տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է քաղաքի հարավային մուտքի կառուցման աշխատանքի արդյունքները, ինչպես նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով» նախատեսված հետագա աշխատանքները:

Ըստ այդմ՝ հիմնական ճանապարհը բաղկացած է երթևեկելի 4 գոտուց: Հարակից բնակելի տների համար կառուցվել են նաև լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղում կառուցվել է վերգետնյա հետիոտնային անցում, որն առաջին անգամ Երևանում ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով:

Ճանապարհի շինարարությանը նախորդել են իրացման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացվել են Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան: Արդյունքում՝ իրացվել է 217 գույքային միավոր` 6,543 հազ ԱՄՆ դոլար փոխհատուցմամբ: Հաջորդ փուլով՝ ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի գործընկերներին ու բոլոր մասնակիցներին կատարած ամենօրյա աշխատանքի համար՝ նկատելով, որ ցուցաբերվել է իսկապես հետևողական մոտեցում:

«Մենք այսօր մեր բնակիչներին ենք հանձնում շուրջ 5 կմ-ոց միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որով Երևան քաղաքն ունեցավ հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ իրոք երազանք է եղել:  Բացի այն, որ մենք այս ծրագրով երթևեկության բեռնաթափման խնդիր լուծեցինք, ծրագրի շրջանակում շուրջ 2 տարի շարունակ 400 քաղաքացիների համար նաև աշխատանքի ապահովման խնդիր էր լուծված: Ինչպես գիտեք, սա ընդամենը Երևանի շրջանցիկ ճանապարհի մի հատվածն է միայն և հաջորդ փուլով՝ Ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար: Այդ համատեքստում արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որի շրջանակում նախատեսված է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում: Արդեն կայացել է նաև Դավթաշեն – Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մրցույթը, և այժմ պայմանագրի կնքման փուլում ենք ու արդեն հաջորդ տարվա սկզբին կմեկնարկեն նաև այդ հատվածի շինարարական աշխատանքները: Պատրաստ են նաև Բաբաջանյան փողոց – Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի մրցութային փաստաթղթերը, և մոտ ժամանակներս  կհայտարարենք մրցույթը: Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի 4 վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը», –  նշել է Երևանի քաղաքապետը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ