Լևոն Տեր-Պետրոսյանը կարևոր առաջարկ է անում
Այսօր ՝դեկտեմբերի 17-ին ՀԱԿ 2-րդ (20-րդ)համագումարին «Լեւոն-Լեւոն» վանկարկումներով ու ծափերով դիմավորեցին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Առաջին նախագահը իր ելույթում նշեց, որ երկրի բոլոր չարիքների, արդարադատության չգործման, մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է:
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ դեֆոլտն ու ապրիլյան իրադարձությունները պետք է, որ սթափեցնեին ՀՀ իշխանություններին, որ վերջիններս փոխեին Ղարաբաղի հարցում աղետաբեր մարտավարությունը, սակայ հիասթափությունը մեծ էր:
Տեր-Պետրոսյանը անդրադարձավ բանակին առնչվող հարցերին. «Մի կողմ թողնելով այս գաղափարախոսության հետ կապված հազար դրամի նոր հարկատեսակի կիրառումը, ես կանդրադառնամ միայն քաղաքական բովանդակությանը: Դրա համար պետք է պարզել՝ ինչ է թաքնված նման հասկացողության տակ: Աշխարհում եղել է «ազգ-բանակ»-ի երեք հաջողված փորձ: ՀՀ իշխանությունները մեծ հույսեր են կապում սփյուռքահայերի հետ: Դա բացարձակ ցնորք ու ինքնախաբեություն է: Ինչո՞ւ նա պետք է օգնի, երբ երկիրը թալանվում է իշխանությունների կողմից: Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել իշխանությունների կողմից տնտեսական թալանի մասշտաբը, ապա ասեմ, որ այն միանգամայն բավարար կլիներ այսօր երեք հարյուր հազար բնակչություն ունեցող Ղարաբաղի ու գերժամանակակից սպառազինությամբ հագեցած բանակ ունենալու համար: Եթե տնտեսության վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու համար չէին ընդունի այդ հազար դրամների խայտառակ օրենքը: Սա ծայրահեղ հարված հասցրեց պետության արժանապատվությանը, ծաղրի առարկա դարձրեց մեզ ամբողջ աշխարհի առաջ»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ կարեւոր է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. «Մինչդեռ մեր իշխանությունները որդեգրել են հավերժ առճակատման անհեռանկար քաղաքականությունը: Դա նշանակում է եւս տասնութ տարի շարունակել ազգի կեղեքումը, երբ ՀՀ-ից, ԼՂՀ-ից բան չի մնա: Հակամարտության կարգավորումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է: Լուծեք այդ խնդիրը, մյուսները լուծվում են ինքնըստինքյան՝ դա ԼՂՀ փուլային տարբերակն է, որից հետո լուծվում է նաեւ Թուրքիայի հարցը: Այս պահին բանակցությունների սեղանին դրված է 1997թ. նույն առաջարկը: Սա է, ուրիշ բան չկա, ուրիշ հեքիաթի չհավատաք: Հիմքեր ունեմ կասկածելու նաեւ, որ 1997թ. ավելի ցածր կարգավիճակ ունի սեղանին դրված լուծումը»: