Իրերը պետք է իրենց անունով կոչել․ Կ․ Բեքարյան
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կարեւորը կողմերի՝ իրար հասկանալն է, ոչ թե ինչ-որ թղթի առկայությունը։
«Ցանկացած հակամարտության կարգավորման ընթացքում կարևոր է չշեղվել տրամաբանական գծից: Հնարավոր չէ ակնկալել քաղաքակիրթ բանակցություններ, արդյունք, երբ սահմաններում կրակում են: Եթե կա կամք՝ բանակցելու, խնդիր լուծելու, սահմաններում պիտի չկրակեն»,- ասաց Բեքարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի քայլերը չարժանանալով պատշաճ արձագանքի, ամեն քայլից մյուս քայլ անցման շրջանում նրա համար ստեղծում են ինչ-որ անպատժելիության զգացում եւ մթնոլորտ, որը ինչ-որ պահի կարող է դուրս գալ ափերից։
«Ադրբեջանը նախաձեռնեց ծրագրած ռազմական գործողություն, բառացիորեն պատերազմ, փորձեց օգտագործել նաեւ անսպասելիության գործոնը՝ առավելության գործոնը: Խնդրի մի կողմն է, որ ձախողեց իր ծրագրերը»,- ասաց նա։
Բանախոսը նշեց, որ միջազգային հանրության պատասխանատվությունը պետք է բարձր աստիճանի դառնա, նրանք պետք է հասցեական դառնան:
«Իրերը պետք է կոչել իրենց անուններով, որ կանխվի այն, ինչ եղավ օրինակ ապրիլին»,- ասաց նա։