25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք չէ` ձեռքերը լվանաք ու քաշվեք ղրաղ. վարչապետը` Զուրաբյանին

 Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե իր կարծիքով իրեն վարկաբեկել ցանկացող մարդիկ ինչու են այդքան գումար ծախսել դա անելու:

”Որոշ չարագործներ հսկայական գումար են ծախսել վարկաբեկման համար, ծախստար չեք համարում նման վարկաբեկման ձևը”,-հարցրեց Զուրաբյանը: Նրան նաև հետաքրքիր էր, թե Տիգրան Սարգսյանն անձամբ ճանաչում է Աշոտ Սուքիասյանին ու Փայլակ Հայրապետյանին:

Պատգամավորը նաև վարչապետին առաջարկեց ընդդիմության և մեծամասնության ներգրավվածությամբ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի ”Հետքի” հրապարակումն, որի համաձայն Կիպրոսում գրանցված ”WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ”ադամանդագործ” Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

Պատասխանելով Զուրաբյանին` վարչապետն ասաց, որ ԶԼՄ-ներն այնքան հնարամիտ են, որ մշտապես կարող են տարբեր պատմություններ գրել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված: ”Եթե մենք ընդունենք ձեր հնչեցրած առաջարկը, ապա դուք, որ պետք է օրինաստեղծ գործունեությամբ զբաղվեք, կսկսեք հետաքննությամբ զբաղվեք, որովհետև այնպիսի պատմություններ կարող են հայտնվել, որ ժամանակ չեք ունենա որիշ ոչնչով զբաղվել”: Վարչապետը նշեց, որ քիչ առաջ արդեն համապատասխան պարզաբանումներ է տվել և դիմել է իրավապահ մարմիններին, ինչի մասին բոլորը գիտեն:

Զուրաբյանի հաջորդ հարցը վերաբերում էր նրան, որ իբր վարչապետի միջոցով է ”Ամերիա” բանկը մեռծ գումար տրամադրել այդ ձեռնարկությանը: Այս մասին Տիգրան Սարգսյանն ասաց, որ յուրաքանչյուր բանկ մինչև ծանոթ չլինի բիզնես ծրագրին, ով էլ միջնորդի, վարկ չի տրամադրի:

”Սա շինծու պատմություն է”,-ասաց նա, ապա խոսքն ուղղելով Զուրաբյանին նետեց. ”Դուք էլ թողած ձեր կարևոր` երկիրը փրկելու գործը, զբաղվում եք դրանցով”:

Ի պատասխան Զուրաբյանն ասաց. ”Դուք կարող եք մանթռայի պես կրկնել, որ մեղավոր չեք, առնչություն չունեք այդ գործի հետ, բայց ցավոք սրտի ոչ բոլորն են հավատում: Մեր մասին մի մտածեք, մենք պատրաստ ենք ձեռքերս քշտել ու մտնել այս կեղտոտ գործերի մեջ”:

Ապա պատգամավորը ևս մեկ հարց ուղղեց վարչապետին, թե արդյոք նա հավատում է, որ հնարավոր է երկրից մոտ 50 հազար մարդ արտագաղթի, եթե 5-7տոկոս տնտեսական աճ կա: ”Ինձ ուղղակի ձեր մասնագիտական կարծիքն է հետաքրքրում”,-նետեց Զուրաբյանը:

”Ես զարմանում եմ, որ ձեր ելույթի սկզբում անվստահություն եք հայտնում ու չեք հավատում ինձ, հետո ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը: Ինչու է հետաքրքրում իմ կարծիքը: Ես կարող եմ ձեզ նմանաոճ քաղաքական գնահատականներով մեղադրանքներ հնչեցնել ձեր հասցեին, դահլիճի մեծամասնությունը հոգնել է ձեզնից, ձեր միանման հայտարարություններից: Ժողովուրդը շատ լավ հասկանում է` ինչ նպատակ եք հետապնդում այս հարցերը բարձրացնելով”,-շեշտեց Տիգրան Սարգսյանը:

Նա հավելեց, որ ՀՀ-ը միակ երկիրը չէ, որտեղից կա արտագաղթ, և չկա մի անցումային երկիր, որտեղից չլինի արտագաղթ: ”Հարցը նա է` ինչ քայլեր ենք ձեռնարկում դրանք կանխելու ողղությամբ: Իհարկե, իշխանություններն են առաջին հերթին պատասխանատու դրա համար, բայց պետք չէ ձեր ձեռքերը լվանաք ու քաշվեք ղրաղ, որովհետև եթե ժողովուրդը տեսնում է, որ չկա այլընտրանք, հուսահատվում է, դա ձեր ձախողումն է”,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ