Թող իրենք մտածեն՝ ինչու են այդ պատճառով վալերյանկա խմելու. Ռուստամյանը՝ Ծառուկյանից
«Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է։ Պարոն Ծառուկյանը, երբ ուզում է, կարող է վերադառնալ, ես դա շատ նորմալ եմ համարում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստամյանը։ Արձագանքելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Ծառուկյանի վերադարձի պատճառով որոշ քաղաքական գործիչներ վալերյանկա են ամբողջ օրը խմում, դեղատներում էլ հերթեր են՝ նա ասաց.
«Ովքեր են վալերյանկա խմում, թող իրենք մտածեն՝ ինչու են այդ պատճառով վալերյանկա խմելու։ Դա իրենց գործն է, իսկ մենք փորձ ունենք բոլորի հետ համագործակցելու, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի»։
ՀՅԴ-ն Գագիկ Ծառուկյանի վերադարձի մեջ խնդիր չի տեսնում՝ պատգամավորի խոսքով: Նա ընդգծեց, որ այն գործիչներն, ովքեր ունակ են ազդել քաղաքական պրոցեսների վրա, ավելի լավ է՝ քաղաքական դաշտ գան, քան մնան ստվերում։ Դիտարկմանը, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառալ առանց նախագահ Սերժ Սարգսյանի թույլտվության, Արմեն Ռուստամյանն ընդգծեց. «Կարծում եմ՝ մենք պետք է անցած համարենք այն էտապը, երբ որևէ մեկը որևէ տեղ գնալու համար որևէ մեկից պիտի թույլատվություն խնդրի։ Ես սա մեր մեծ ձեռքբերումն եմ համարում։ Ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքական ուժ իր անելիքները պետք է ինքնուրույն որոշի»,- ասաց նա։