Շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն. Խ. Քոքոբելյան
«Որևիցե մեկին ես դիմելու կարիք չունեմ։ Ընդդիամդիր դաշտում գործող չկա գրեթե որևիցե քաղաքական ուժ, որը մեզ հետ բանակցած չլինի։ Ես շատ հարգանքով եմ վերաբերում այս դաշտում գործող ցանկացած գործընկերոջ։ Բայց մենք դեռևս ամիսներ առաջ նշել ենք, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք, դա նորություն չէ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով հարցին, թե ճիշտ են մամուլի տեղեկությունները, որ իր կուսակցությունը դիմել է Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությանը համագործակցելու համար, սակայն մերժում է ստացել։
Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ չի կարող նշել որևէ քաղաքական ուժ, որի հետ բանակցություններ են տարվում։ «Ես անուններ չեմ տա, որովհետև դա չեմ համարում ճիշտ։ Վստահեցնում եմ, որ առաջիկայում կլինեն հրապարակումներ։ Ինչպես ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ շատ հետաքրքիր սուրպրիզներ կլինեն նաև անհատների առումով»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով ընտրություններին «Ազատ դեմոկրատների» մասնակցությանը` Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ իրենց քաղաքական օրակարգում նոր բան տեղի չի ունեցել։ «Ընտրություններին կուսակցությունը կմասնակցի իր ընդլայնված և լայն կոնսոլիդացված ցուցակով»։