«Վարչապետը պետք ա լսի». հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկը բացահայտումներ կանի
ՀՀ կառավարության շենքի դիմաց երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել ազատամարտիկ, Սարգիս Ղազարյանը:
Հատուկ գնդի առաջին վաշտի ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը ամբողջ գիշեր մնացել է դրսում, սակայն նրա խոսքով՝ նա քաղցած ու մրսած տասնյակ օրեր է հաղթահարել Արցախյան պատերազմի ժամանակ. «Ես ուղղակի մեծ ցավ եմ ապրում, որ իմ երազած խաղաղ Հայաստանում իմ իրավունքները ոտնահարվում են: Ես ոչ մի քայլ չեմ հեռանա Կառավարության շենքից ու վարչապետը պետք ա ինձ լսի»,-Henaran.am-ի թղթակիցի հետ զրույցում ասաց Սարգիս Ղազարյանը:
Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հանիրավի դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:
Ազատամարտիկը փաստում է, որ իր և «Արցախբանկի» նախկին աշխատակից Անուշ Շահրամանյանի միջեւ նոտարական վավերացմամբ կնքվել է փոխառության պայմանագիր, կա ստացական, որ ազատամարտիկն է գումարներ տվել նրան, սակայն երբ մայր գումարը պահանջել է, իր նկատմամբ քրեական գործ են հարուցել վաշխառության համար: Սարգիս Ղազարյանի խոսքով՝ այս կնոջ զոհերը բազմաթիվ են, որ խառնված են բարձրաստիճան անձինք: