Հայ-թուրքական սահմանի բացումը . Henaran.am- ի բացառիկ զրույցը Գերմանիայի Կանաչների կուսակցության թուրք համանախագահի հետ
Այն հանգամանքը, որ Թուրքիայի հնարավոր փորձերը` միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ուղղակի հարված են հասցնելու ընթացող բանակցություններին, անհանգստացնում է նաեւ Գերմանիայի քաղաքական գործիչներին:
“Քաղաքականապես առավել շահեկան կլինի, եթե հայ-թուրքկան հարաբերությունները չպայմանավորվեն Ղարաբաղյան հակամարտության գործոնով: Մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը պետք է անկախ գործողություն լինի“, -այս մասին Henaran.am– ի թղթակցի հետ զրույցում նշել է Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը:
Ուշագրավ է, որ Ջեմ Օզդեմիրը ծագումով թուրք քաղաքական գործիչ է եւ այն բացառիկ դեմքը, ով ղեկավարում է կուսակցություն: Ի տարբերություն Թուրքիայի իր գործընկերների, ովքեր ղարաբաղյան հարցը դիտարկում են որպես նախապայման հայ-թուրքական հարաբերություններ սկսելու համար, Գերմանիայում քաղաքական գործունեություն ծավալող թուրք գործիչը հակառակ կարծիքի է:
Հիշեցնենք, որ թեեւ հայ-թուրքական արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք անգամ չկար, սակայն պաշտոնական Անկարան, այնուամենայնիվ, առաջ է քաշում նախապայմաններ, այդ թվում` Ղարաբաղյան հարցում զիջումներ ակնկալելով Հայաստանից:
“Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առավել դյուրին կդառնա, եթե Հայաստանն ու Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ հաստատեն: Այդ դեպքում նոր Թուրքիան, եթե ցանկանա, կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղի հարցում:
Իհարկե, լավ հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, փոխանակման ծրագրերը, առեւտրատնտեսական շրջանառությունը կարող են նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, առնվազն` թուլացնելով առկա լարվածությունը“, -նշել է Օզդեմիրը:
Ի դեպ, սա չի նշանակում, որ թուրք քաղաքական գործիչը հայանսպաստ դիրքորոշում է որդեգրել: Օզդեմիրը համոզված է, որ Հայաստանն է այսպես ասած`”օկուպացրել” Ղարաբաղը: