Նոր առաջարկ` տրանսպորտի սակագինը կփոխվի. Ժողովուրդ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացմանը, նշել էր, որ քաղաքապետարանը խորհրդակցությունների փուլում է, սակայն լուծումներն արդեն տեսանելի են:
«ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ: Եւ պարզեցինք, որ աշխատանքները սկսվելու են նոր երթուղային ցանցի մշակումից: Այն կլինի եվրոպական չափորոշիչներին համապատասխան, պետք է մշակվի խորհրդատուի կողմից ներկայացված բոլոր հաշվարկների հիման վրա: Հաշվարկների հիմքում դրվելու է առկա ուղեւորահոսքը, դրա պիկ ժամերին սպասարկման հնարավորությունները: Այս փուլը ավարտելուց հետո քաղաքապետարանը արդյունքները կներկայացնի հանրային քննարկման, որպեսզի բնակիչը հասկանա, թե ինչ ակնկալել այդ ծրագրից: Հնարավոր է` բացառել նաեւ կրկնվող գծերի առկայությունը: Սա ենթադրում է, որ դրանց բացակայության դեպքում քաղաքի մի կետից մեկ այլ կետ երթեւեկելու համար անհրաժեշտ է լինելու նաեւ տրանսպորտային միջոց փոխել:
Տեխնիկական առումով ստեղծելու են հևարավորություններ նաեւ սակագնային մասով որպեսզի բնակիչը տրանսպորտային միջոցը փոխելուց մի քանի անգամ չվճարի դրա համար, իսկ երթեւեկության պլանավորման տեսանկյունից, Նիկոյանի ներկայացմամբ, բոլոր մեքենաներում պետք է անպայման ունենալ «ՋԻ ՓԻ ԷՍ» համակարգեր, էլեկտրոնային չվացուցակներ, նաեւ ծրագրային համակարգ, որը հնարավորություն կտա համապատասխան սմարթֆոններով եւ այլ համակարգերով տեսնել, թե յուրաքանչյուր ավտոբուս տվյալ կանգառ երբ է հասնելու.
Հիմա հասարակությանն ամենաշատը հետաքրքրող հարցի մասին, արդյոք սակագնային փոփոխություններ լինելու են: Նիկոյանի համոզմամբ` սակագնի կառուցվածքը անպայման կփոխվի, որովհետեւ եթե խոսքը միասնական տոմսային համակարգի մասին է, ապա մեկ երթեւեկության համար մեկ տոմս, այն, ինչ այսօր, ըստ էության, ունենք, դա չի կարող աշխատել.
«Հենց առաջինը նրա համար, որ տրանսպորտային միջոց փոխելու դեպքում արդեն ենթադրելու է կրկնակի վճարում: Կառուցվածքը կփոխվի: Ինչ կառուցվածք կներդրվի, ես կարծում եմ` դեռ վաղ է խոսել, բայց միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա համար շատ տարբերակներ կան: Սկսած կիլոմետրից, վերջացրած օր, տարի, ամիս: Բոլոր հնարավոր տարբերակները, կարծում եմ, կուսումնասիրի խորհրդատուն, եւ նա պարտավոր է առաջարկել Երեւան քաղաքի համար ամենակիրառելի տարբերակը: Ինչ վերաբերում է սակագնին: Եթե կառուցվածը փոխվում է, ապա սակագնի զուտ գումարային մեծությունը արդեն կախված կլինի երթեւեկություևից:
Դա չի նշանակում, որ բոլորի համար դա կթանկանա կամ կմնա նույնը կամ կնվազի: Ի վերջո, չեմ բացառում, որ ինչ-որ մի քանակի համար լինի թանկացում»: Ճիշտ է Նիկոյանը նշում է, որ այդ դեպքում սակագնային քաղաքականությունը տարբեր խմբերի համար հնարավոր է տարբեր սահմանվի, այսինքն
`սոցիալապես անապահովների համար արտոնություններ լինեն, բայց պարզ տրամաբանությամբ անգամ կարելի է նկատել, որ երթուղային միջոցներից չեն օգտվում «բարձր դասի» անձինք, երթեւեկության այդպիսի միջոցները «շարքային» քաղաքացիների համար են:
Տեղեկացնենք, որ ամբողջ ծրագիրն իրականացնելու համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է 80-100 մլն ԱՄՆ դոլար: Իսկ ով պետք է տա այս գումարները: Վահե Նիկոյանի հավաստիացմամբ` արդեն սկսվել են բանակցությունները ֆինանսական կազմակերպությունների հետ: Իսկ ինչպես է մարվելու այդ գումարը: Կանխատեսվում է, որ Երեւան համայնքը ինքնուրույն ստանձնի այդ վարկային պարտավորությունևերը: Իսկ վարկի մարումը ակնկալվում է իրականացնել սակագնից, ամբողջությամբ թե՛ մասնակի, դա արդեն քննարկման արդյունքում պարզ կլինի.
«Մենք, այնուհանդերձ, ակնկալում ենք, որ Երեւան համայնքին կտրվեն ֆինանսական միջոցներ սուվերեն վարկերին մոտ պայմաններով, իսկ դրանք բավականին մատչելի են, եւ, օրինակ, ինչու եմ ես դա միշտ նշում, որովհետեւ ցանկացած մասնավոր այսօր չունի այդ հնարավորությունը նման վարկեր ձեռք բերելու, դա ինքնին արդեն էժանացնում է ծրագիրը»:
Այսքան գումարներ ներդնելուց եւ երկար ու թանկ խորհրդակցություններից հետո արդյո՞ք արժանապատիվ երթեւեկության այս ծրագիրը կդառնա իրականություն, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: